Հայկ Ալումյան. Ամեն ինչ անելու ենք, որ գործը դատարանում քննվի

Հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած իրադարձությունների առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը բողոքարկել էր քննիչի կայացրած երեք որոշումները: Քննիչը որոշել էր դադարեցնել քրեական հետապնդումը գործով մեղադրյալներ Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ. քննիչն ապացուցված էր համարել, որ վերջիններս գործել են «անհրաժեշտ պաշտպանության» հատկանիշներին համապատասխան: Քննիչն ապացուցված էր համարել նաև այն հանգամանքը, որ դեպքի օրը սպանված Ավետիք Բուդաղյանը կատարել է Քրեական օրենսգրքով պատիժ նախատեսող արարքներ:

Միևնույն ժամանակ, քննիչը դադարեցրել էր քրեական հետապնդումը Ավետիք Բուդաղյանի նկատմամբ նրա՝ մահվան կապակցությամբ: Բացի Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանից՝ քննիչի նշված որոշումը բողոքարկել էր նաև Բուդաղյանների հայրը՝ Էմիլ Բուդաղյանը: Մեզ հետ զրույցում Հայկ Ալումյանն ասաց, որ թե՛ իր, թե՛ Էմիլ Բուդաղյանի բողոքները մերժվել են: Բուդաղյանների փաստաբանի բողոքը մերժել է զինվորական դատախազի տեղակալ Արտակ Հարությունյանը:

Հայկ Ալումյանի խոսքով՝ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներից մեկն անձի մահն է՝ բացառությամբ այն դեպքի, երբ գործի վարույթն անհրաժեշտ է մահացածի իրավունքների վերականգնման համար. «Քրեական գործի վարույթը կարճվում է, եթե քրեական գործի շարունակությունն անհրաժեշտ չէ մահացած անձի իրավունքների վերականգնման համար: Այսինքն՝ տվյալ դեպքում մենք ցանկանում ենք մահացած անձի իրավունքները վերականգնել երկու տեսանկյունից:

Նախ՝ ապացուցելու համար, որ ինքը հանցագործություն չի կատարել, ինչն այդ Որոշման մեջ ամրագրված է, երկրորդը՝ արդեն դրանից բխող նրա՝ արդեն որպես տուժողի իրավունքները վերականգնելու համար: Այսինքն՝ մեկից բխում է մյուսը: Եթե հիմա իրեն ասում են՝ դու հանցագործություն ես կատարել, արդեն նրանց գործողություններն ավտոմատ դառնում են ինքնապաշտպանություն: Եթե ասում են՝ դու սպանության փորձ ես կատարել, դրանից բխեցնում են նրանց ինքնապաշտպանությունը:

Կարդացեք նաև

Մենք մահացածի իրավունքները վերականգնում ենք նաև այն տեսանկյունից, որ այդ հիմքն էլ ենք փորձում կասկածի տակ դնել, որ այս մարդը սպանության փորձ չի արել, համապատասխանաբար նաև դրանից բխում է, որ նրանք էլ չեն ինքնապաշտպանվել»:
Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ պատճառաբանությամբ է մերժվել Ավետիք Բուդաղյանին նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշման բողոքը: Հ. Ալումյանն ասաց, որ Էմիլ Բուդաղյանը ստացել է գրություն, որտեղ ասված է, որ բողոքը մերժված է. գրության մեջ մերժման պատճառաբանություններ նշված չեն: Բողոքը մերժելու մասին որոշում Էմիլ Բուդաղյանը չի ստացել:

«Իմ բողոքների վերաբերյալ որոշումներ են կայացվել, որոշումներն ունեն պատճառաբական մաս, այլ բան է, թե ինչքանով են հիմնավոր»,- ասաց Հայկ Ալումյանը՝ նշելով, որ իր դիտարկմամբ կայացված որոշումներն «ակնհայտ անհիմն են»: Պատասխանելով հարցին՝ ի՞նչ պատճառաբանությամբ են մերժվել իր բողոքները, Հ. Ալումյանն ասաց. «Իր մասով դրան չեն էլ անդրադառնում: Իրենք պարզապես նկարագրում են, որ Ավետիք Բուդաղյանը կատարել է սպանության փորձ: Իսկ այն հարցը մշտապես շրջանցվում է ՝ ինքը կատարե՞լ է, թե՞ ոչ, դուք չպիտի որոշեք: Մենք պահանջում ենք, որ այդ մարդու հարցը քննվի, ուղարկեն գործը դատարան, թող դատարանը որոշի»:

Միևնույն ժամանակ Հայկ Ալումյանը տեղեկացրեց, որ կայացված որոշումները բողոքարկվելու են դատարան: Նշենք նաև, որ ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ Ազգային ժողովի համաներում հայտարարելու որոշումը տարածվում է նաև այս գործով մեղադրյալ Արտակ Բուդաղյանի վրա: Հ. Ալումյանը, սակայն, նշել էր, որ Արտակ Բուդաղյանը հրաժարվելու է դրանից: «Որովհետև այս գործը պետք է գնա դատարան: Եթե հիմա ինքը համաձայնի համաներման, նախ` ինքը կկորցնի դատարանով արդարացվելու հնարավորությունը: Երկրորդը` իրենք հենց միայն դրան էլ սպասում են, որ մենք հիմա ինչ-որ մի բան անենք, որ իրենք կարողանան գործը կարճել ու այլևս այդ գործը դատարանում չքննվի: Իսկ մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ գործը բոլոր դեպքերում դատարանում քննվի, ու բոլորը տեսնեն այդ փաստերը»,- պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ է Ա. Բուդաղյանը հրաժարվելու համաներումից, ասել էր Հայկ Ալումյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս