Օդանավը չի վնասվել, օդանավակայանում խուճապ չկա
shamshyan.com-ը տեղեկություն էր հրապարակել այն մասին, թե «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից իրենց հետ կապ է հաստատել Գայանե Գալոյանը՝ հայտնելով, որ Երևան-Մոսկվա չվերթը, որը պետք է իրականացվեր առավոտյան ժամը 05:30-ին, անհայտ ժամանակով հետաձգվել է: Չվերթի ուղևորների գրանցումը իրականացվել է ժամը 03:30-ին: Ըստ նրա՝ այնտեղ տիրում է անորոշություն և անհանգստություն ուղևորների մեջ, քանի որ վերջիններիս հայտնել են, որ օդանավը Մոսկվայից Երևան ժամանելիս վնասվել է: Տիկին Գայանեի խոսքով՝ եթե օդանավը վնասվել է, և թռիչքը պետք է հետաձգվեր, այդ դեպքում ինչո՞ւ են իրականացրել ուղևորների գրանցումը: Երևան-Մոսկվա չվերթի ուղևորներին ոչ մի տեղեկություն չեն տալիս՝ ե՞րբ կարող է թռչել օդանավը և ընդհանրապես, կիրականացվի՞ արդյոք չվերթը:
Սակայն «Զվարթնոց» օդանավակայանից ԳԱԼԱ-ին հայտնել են, որ օդանավակայանում իրավիճակը լարված չէ, և ոչ մի խուճապ չկա: «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ մամլո քարտուղար Գևորգ Աբրահամյանը նաև հերքել է տեղեկություններն այն մասին, որ օդանավը Մոսկվայից Երևան ժամանելիս վնասվել է: Մոսկվա-Երևան թռիչքը սպասարկում է «Սիբիր» ավիաընկերությունը և անվտանգության նկատառումներից ելնելով իրականացվելու է ինքնաթիռի ստուգում: Խնդիրը զուտ տեխնիկական է և խուճապի մատնվելու կարիք չկա: