Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Հայ մամուլի օրվա առթիվ
«ԶԼՄ-ների հարգելի ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հայ մամուլի օրվա առթիվ:
Իր գոյության բոլոր ժամանակներում մամուլը եղել է հասարակական տրամադրությունների առաջին ցուցիչը: Այսօր հասարակությունն ավելի զգայուն է ու ակտիվ, ավելի արագ ու անմիջական է արձագանքում իրադարձություններին ու երեւույթներին: Եվ դրանում բավականին մեծ է նաեւ ԶԼՄ-ների դերը:
Որպես ազատ խոսքի ու բազմակարծության ամբիոն եւ քաղաքացիական հասարակության կայացման առաջամարտիկ՝ հայաստանյան մամուլն իր ծանրակշիռ մասնակցությունն ունի երկրում ժողովրդավարական արժեքների ամրապնդման գործընթացում: Լիարժեք ու ազատ գործունեություն ապահովող անկաշկանդ միջավայրում դուք ոչ միայն արձանագրում եք փաստերն ու երեւույթները, այլեւ նպաստում հասարակության եւ իշխանությունների ավելի ակտիվ ու օբյեկտիվ քայլերին:
Համոզված եմ, որ երբ գալիք տարի միասին կնշենք հայկական առաջին պարբերականի՝ «Ազդարար»-ի հիմնադրման 220-ամյակը, արձանագրելու ենք հայրենական մամուլի ավելի արժանապատիվ կեցվածք, ավելի նպատակասլաց եւ հայրենանվեր գործունեություն, ավելի արժեքավոր խոսք՝ ի շահ մեր երկրի, ժողովրդի, հասարակության:
Եւս մեկ անգամ շնորհավորելով բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ առողջություն, բարեկեցություն ու լավատեսություն, նոր գաղափարներ եւ ստեղծագործական հաջողություններ»: