
«Արտահանման ապահովագրական կազմակերպությունը» կունենա 1.5 միլիարդ դրամ կանոնադրական կապիտալ

ՀՀ կառավարությունը մտադիր է հիմնադրել «Արտահանման ապահովագրական կազմակերպություն» ՓԲ ընկերություն: Դրա ընդհանուր կապիտալը կլինի 1.95 մլրդ դրամ, որից կանոնադրական կապիտալը` 1.5 մլրդ դրամ, որը համապատասխանում է 150 հազար հատ հասարակ բաժնետոմսի, յուրաքանչյուրը` 10 հազար դրամ անվանական արժեքով և ընկերության գլխավոր պահուստ` 450 մլն դրամ: Այս հարցը ներառված է կառավարության առաջիկա՝ հոկտեմբերի 17-ի նիստի օրակարգում:
Ընկերության 100 % բաժնետերը լինելու է պետությունը, իսկ կառավարման լիազորությունը հավասարապես տրվելու է ՀՀ էկոնոմիկայի, Ֆինանսների, Արտաքին գործերի, Գյուղատնտեսության, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություններին:
Որոշման նախագծում նշվում է, որ ՀՀ-ում արտահանման ապահովագրական կազմակերպության հիմնադրումը «համահունչ է ՀՀ կառավարության որդեգրած արտահանմանն ուղղված արդյունաբերական ռազմավարությանը, ինչպես նաև պայմանավորված է միջազգային շուկաներ մուտք գործող ընկերություններին աջակցելու նոր գործիքների մշակման և ՀՀ կառավարության արտահանմանն ուղղված արդյունաբերական ռազմավարության իրագործմանը նպաստելու անհրաժեշտությամբ»:
ԱԱԿ-ի գործունեությունը լինելու է ի շահ բանկերի. այն հիմնականում ապահովագրելու է արտահանման վարկերը, մասնավորապես՝ ապահովագրելու է արտահանողին կամ արտահանողին ֆինանսավորող բանկին վարկառուի/փոխառուի/գնորդի չվճարման ռիսկերից, ստեղծել բանկերի համար ապահովման նոր միջոցներ, իջեցնել արտահանման ֆինանսավորման տոկոսադրույքները և ընդլայնել բանկերի համար արտահանման ֆինանսավորման ծածկույթը: