Կառավարությունը խախտում է ՀՀ օրենքը՝ եկեղեցուն հաճոյանալու համար
Այս տարվա «մեռելոցների լիմիտը» սպառվել է. վերջին մեռելոցի օրը սեպտեմբերի 16-ն էր, իսկ տարվա ընթացքում ունեցել էինք ևս 3 մեռելոցի օրեր՝ ապրիլի 1-ը, հուլիսի 8-ը, օգոստոսի 19-ը: Ու քանի որ մեռելոց հիշատակին նվիրված այդ օրերը հաջորդում են հայկական եկեղեցու 5 տաղավար տոներից յուրաքանչյուրին՝ Սուրբ Ծնունդ և Աստվածահայտնություն, Սբ. Հարություն, Քրիստոսի Պայծառակերպության (Վարդավառ), Վերափոխումն Սբ. Աստվածածնի, Խաչվերաց, ՀՀ կառավարությունն իր համար արդեն մի քանի տարի «ավանդույթ» է ձևավորել, որ աշխատանքային երկուշաբթի օրերը տեղափոխում է շաբաթ օրերը:
Գուցե համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո ձևավորված այս «ավանդույթը» որոշակի տուրք է՝ տնտեսական 14%-անոց գահավիժման կապակցությամբ, որը, գուցե, կարող էր ավելին լինել, եթե չլինեին Հայ եկեղեցու սպասավորների աղոթքները՝ ի դեմս նախկին «բենթլիատեր» Նավասարդ Կճոյանի և կաթողիկոսի:
Ամեն դեպքում, եկեղեցուն հաճոյանալու համար ՀՀ կառավարությունը «երկրային մեղք է գործում»՝ խախտում է ՀՀ օրենքները: «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում սահմանված են տոնական և հիշատակի օրեր: Հիշատակի օրերը 2-ն են` ապրիլի 24 և դեկտեմբերի 7, որից մեկն աշխատանքային է, մեկը՝ ոչ աշխատանքային: Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ նույն օրենքով՝ կառավարությունն իր որոշմամբ կարող է աշխատանքային օր տեղափոխել: Օրինակ՝ եթե մարտի 8-ը հինգշաբթի է, որոշեն, որ չենք աշխատում նաև ուրբաթ օրը, որպեսզի մի քանի օր իրար հետևից մարդիկ ազատ լինեն: Բայց, ըստ Հ. Տիգրանյանի, այդ օրենքում չի ասվում, որ նաև եկեղեցական որոշակի տոն օրերը պետք է համարել ոչ աշխատանքային օրեր. «Այս օրենքում, բացի Սուրբ ծնունդից, այլ եկեղեցական տոն չկա: Եվ կառավարությունը երբ այս որոշումն ընդունում է, ըստ էության, օրենքով չնախատեսված օրն է տեղափոխում` ընդառաջ գնալով Հայ Առաքելական եկեղեցու խնդրանքին, որովհետև մարդիկ ավանդաբար տաղավար տոներից հետո գնացել են ննջեցյալներին այցելության, ու սա պրակտիկան է թելադրել: Բայց որևէ իրավական ակտ չկա, հետևաբար՝ կառավարության որոշման մակարդակով չի կարող օրենքի գործողություն կիրառվել: Օրենքն ավելի բարձր է»:
Հ. Տիգրանյանի գնահատականով՝ կառավարության այս որոշումները ոչ այնքան կամայականություն են, որքան ավելի շատ տուրք են տվել Հայ Առաքելական եկեղեցու հանդեպ ավելորդ ակնածանքի դրսևորմանը, բայց դա օրենքով հիմնավորված չէ: Ընդ որում, իրավախորհրդատուի խոսքով՝ կառավարության այս որոշումն ավելի խճճում է աշխատողներին` վեցօրյա աշխատանքային շաբաթի վրա այն չի տարածվում, կամ արձակուրդի օրերի հետ կապված խառնաշփոթ կարող է առաջանալ:
«Կառավարությունն իր որոշմամբ չի կարող եկեղեցական տոնը դիտարկել՝ որպես հիշատակի օր, և դարձնել ոչ աշխատանքային օր: Մենք դիմել ենք լիազոր մարմնին, բայց իրավական առումով պատասխան չունեն, ասել են՝ ստուգման ժամանակ դրա վրա ուշադրություն չեն դարձնում: Փոխանակ օրենքով առաջնորդվեն, իրենց ուղեցույցը վարչության պետն է, ում կամքով որոշվում է, թե ստուգման ժամանակ ինչին ուշադրություն դարձնեն»,- ասաց Հ. Տիգրանյանը: