Հայաստանի հետ հարաբերություններն այժմ ավելի լավ են, քան 10 տարի առաջ էր. Դավութօղլու
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն շվեյցարական Neue Zürcher Zeitung (NZZ) թերթին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է Թուրքիայի կողմից իրականացվող «Զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությանը.
««Զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը» մեր սկզբունքային ծրագիրն է: Միայն Եգիպտոսի օրինակը բավական չէ ասել, որ տապալվել է ««Զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը»: Մենք չունենք միայն մեկ կամ երկու հարևան: Առանձին խնդիրներ լուծել կարողանալու համար հակառակ կողմն էլ կարիք ունի գործընկերոջ:
Վերջին 10 տարում բավական զարգացրել ենք Ուկրաինայի ու Հունաստանի հետ մեր հարաբերությունները: Ռուսաստանի հետ ստորագրել ենք վիզային ռեժիմի վերացման վերաբերյալ համաձայնագիր: Միայն ԵՄ-ի հետ չկարողացանք ազատականացնել վիզային ռեժիմը:
Մենք կարողացանք վերացնել Սառը պատերազմի ժամանակ հակառակորդ երկրների հետ վիզային ռեժիմը, սակայն նույնը չկարողացանք անել այդ ժամանակվա մեր բարեկամ երկրների հետ: Վրաստանի սահմանը կարող ենք հատել ինքնության վկայականով:
Այո՛, մենք խնդիր ունենք Սիրիայի հետ: Մենք չենք ողջունում Եգիպտոսում հեղաշրջման հետևանքով իշխանության եկած վարչակարգը: Հարցը մեր մեջ չէ, մյուս կողմում է: 2002 թվականին հարևան երկրներին բաժին էր ընկնում արտահանման 8 տոկոսը, մինչդեռ այժմ՝ 32 տոկոսը: Սա վկայում է «զրո խնդիր» սկզբունքի հաջողության մասին:
Հայաստանի հետ հարաբերություններն այժմ ավելի լավ են, քան 10 տարի առաջ էր, թեև կարող էր ավելի լավ լինել: 2009 թվականին արձանագրություն ստորագրեցինք Հայաստանի հետ, սակայն Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը փչացրեց այն:
Մենք ցանկանում ենք ավելի լավ հարաբերություններ ունենալ Կիպրոսի հունական հատվածի հետ: Սակայն այստեղ խնդիրը չի բխում մեզանից: 2004 թականին մենք ընդունեցինք Անանի պլանը, իսկ Կիպրոսի հունական հատվածը դեմ արտահայտվեց դրան»:
Անդրադառնալով Ժնևում Հայոց ցեղասպանության հուշարձան կառուցելու խնդրին՝ Դավութօղլուն հույս է հայտնել, որ նման բան տեղի չի ունենա՝ ընդգծելով, որ «տվյալ թեմայով միակողմանի քայլերը չեն նպաստում Թուրքիայի ու Հայաստանի հարաբերությունների ամրապնդմանը»: