Այն, ինչ չեն կարող ՀՀԿ-ականները, կփորձի անել նախկին դաշնակցականը
Հոկտեմբերի 10-ին կառավարության նիստում ընդունվեց Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի հրաժարականը, և նրա փոխարեն մարզպետ նշանակվեց նախկին դաշնակցական Արամայիս Գրիգորյանը: Էդիկ Բարսեղյանի առաքելությունը մարզպետի պաշտոնում՝ Արարատի մարզում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին հակակշիռ դառնալու առումով, չիրականացավ: Բացառված չէ, որ հենց այդ հանգամանքը հաշվի առնելով էլ նշանակվել է Արամայիս Գրիգորյանը: Շատերն են հիշում, թե ինչպես ժամանակին, երբ Հովիկ Աբրահամյանը փոխվարչապետ և Տարածքային կառավարման նախարար էր, իսկ Արամայիս Գրիգորյանը` պատգամավոր, նրանք ընդհարվեցին միայն այն պատճառով, որ Արամայիս Գրիգորյանին Հովիկ Աբրահամյանի տված պատասխանը վիրավորական թվաց:
Ըստ ՀՀԿ-ականների, ովքեր այնքան էլ գոհ չեն այս նշանակումից, Գրիգորյանն այս պաշտոնում նշանակվել է պայմանով. նա պետք է Արարատի քաղաքապետի ընտրություններում ապահովի ՀՀԿ-ական թեկնածուի հաղթանակը ԲՀԿ-ական թեկնածուի նկատմամբ:
Արամայիս Գրիգորյանին մարզպետ նշանակելու` նախագահ Սերժ Սարգսյանի որոշումն այնքան էլ միանշանակ չընդունվեց Արարատի մարզի ՀՀԿ-ական էլիտայի կողմից: Արարատի մարզում կային մարզպետի ՀՀԿ-ական թեկնածուներ. ԱԺ նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը, Սփյուռքի նախկին փոխնախարար Ֆիրդուս Զաքարյանը, սոցապ նախկին նախարար Ռազմիկ Մարտիրոսյանը: Բայց նախագահ Սարգսյանը նախընտրեց նախկին դաշնակցականին, թերևս, մի պատճառով, հիշյալ ՀՀԿ-ականներից և ոչ մեկը չէր կարող Արարատի քաղաքապետի ընտրություններում ապահովել ՀՀԿ-ական թեկնածուի հաղթանակը: Արամայիս Գրիգորյանը խոստացել է, և մարզպետ նշանակվելու առաջին իսկ օրից լծվել է այդ խնդրի իրականացմանը: Ինչն Արարատի նման ԲՀԿ-ական քաղաքում խիստ դժվար է:
Արարատի բնակչության հիմնական մասը, այս կամ այն կերպ, կապված է ցեմենտի գործարանի հետ, որի սեփականատերը կամ սեփականատերերից մեկը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն է: ԲՀԿ-ն Արարատի քաղաքապետի թեկնածու է առաջադրել գործարանի արտադրության բաժնի պետ Սամվել Բարսեղյանին: Գործարանի աշխատակիցների 90 տոկոսը ԲՀԿ անդամներ են: Բացի այդ, գործարանում են աշխատում Բարսեղյանի հնարավոր բոլոր ազգականները և հարազատները, այդ թվում և` ծնողները:
Սա նշանակում է, որ գործարանի կոլեկտիվը, կամ գոնե դրա 90 տոկոսը կքվեարկի Բարսեղյանի օգտին:
Արամայիս Գրիգորյանը պաշտպանում է Հայկ Հայկյանի թեկնածությունը: ՀՀԿ-ականները նրան չեն ճանաչում, բայց ասում են, որ նրան երաշխավորել է մարզպետ Գրիգորյանը: Գրիգորյան եղբայրները միշտ կարողացել են այս տարածքում հաջողության հասնել: 2012թ. խորհրդարանական ընտրություններում Արամայիս Գրիգորյանի եղբայրը` Արայիկ Գրիգորյանը, համոզիչ հաղթանակ տարավ Արարատ քաղաքը ներառող թիվ 18 ընտրատարածքում` ստանալով 32 հազարից ավելի քվե:
Բայց արարատցիները համոզված են, որ հիմա իրավիճակը մի փոքր այլ է: Նրանք նշում են, որ Արամայիս Գրիգորյանը քաղաքապետի թեկնածու է առաջադրել մեկին, ով արարատցի չէ: Արարատցիները լսել են, որ Հայկյանը ծնունդով Շիրակի մարզից է: «Ասում են` նա գյումրեցի է, նրան քաղաքում ոչ ոք չի ճանաչում, միայն գիտեն, որ մարզպետի թեկնածուն է»,- ասում է արարատցիներից մեկը: Հայկյանը մեկ անգամ էլ է իր թեկնածությունն առաջադրել Արարատի քաղաքապետի թեկնածու` 2007թ. հուլիսի 1-ի ընտրություններում, բայց պարտվել է ՀՀԿ-ական թեկնածու Աբրահամ Բաբայանին:
ԲՀԿ-ի համար Արարատի քաղաքապետարանը վերցնելը սկզբունքի խնդիր է. այս քաղաքն ապրում է ցեմենտի գործարանի հաշվին և հենց այդ պատճառով ԲԿ-ականները համոզված են, որ իրենց թեկնածուի հաղթանակը կանխորոշված է: 2011թ. ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ն պաշտպանեց ՀՀԿ-ական քաղաքապետ Աբրահամ Բաբայանին` դրա դիմաց ստանալով փոխքաղաքապետի պաշտոնը: 2012թ. խորհրդարանական ընտրություններում, չնայած ՀՀԿ գործադրած բոլոր ջանքերին, ԲՀԿ-ն համամասնական ընտրակարգով ստացավ ավելի շատ քվե, քան քաղաքապետի և մարզպետի պաշտոնին տիրապետող ՀՀԿ-ն:
Արդյոք նախկին դաշնակցական մարզպետ Արամայիս Գրիգորյանն ավելի լա՞վ կաշխատի ՀՀԿ-ի օգտին, քան ՀՀԿ-ական Էդիկ Բարսեղյանը, ցույց կտան նոյեմբերի 10-ին նշանակված ընտրությունները: Բայց փաստն այն է, որ մարզպետը շատ ուշադիր է ուսումնասիրում յուրաքանչյուր ընտրողի գործ: Օրինակ` վերջերս ցեմենտի գործարանի լաբորատորիայի վարիչի տեղակալը ստիպված է եղել դուրս գալ աշխատանքից, քանի որ նրա կինն աշխատելիս է եղել դպրոցի տնօրեն, և նրան մարզպետարանից հասկացրել են, որ պետք է ընտրություն կատարել. կամ ամուսինն է աշխատում ցեմենտի գործարանում կամ ինքը` դպրոցում, կամ ամուսինն է ԲՀԿ-ական, կամ ինքը` ՀՀԿ-ական:
Այսինքն` Սարոյան եղբայրներ ֆինտն այստեղ չի աշխատում: Ընտանեկան խորհրդում որոշվել է, որ դպրոցի տնօրենի պաշտոնը նախընտրելի է լաբորատորիայի վարիչի տեղակալի գործից, և ամուսնու աշխատանքը դրվել է քաղաքապետի ընտրությունների զոհասեղանին:
Նորմալ տրամաբանությունը հուշում է, որ նման ճնշումները պետք է հակառակ ազդեցություն թողնեն` մարդկանց ստիպելով բացասաբար տրամադրվել ճնշումների հեղինակի նկատմամբ. բայց վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ վախը նաև դրական ազդեցություն և արդյունքներ է ապահովում:
«168 ԺԱՄ»