Բաժիններ՝

Ծխելու դեմ պայքարն առողջապահության ոլորտի գերակա խնդիրներից է

Ներկա և ապագա սերունդների առողջությունը ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության քայքայիչ հետևանքներից պաշտպանելու համար Հայաստանը 2004 թվականի հոկտեմբերի 12-ին միացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիային: ՀՀ կառավարության որոշմամբ` հոկտեմբերի 12-ն ընդունվել է` որպես Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր:

Մասնագետների ներկայացմամբ, ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում ծխախոտի օգտագործումը և դրա հետևանքով առաջացած հիվանդությունների ու մահացության դեպքերն առողջապահական լուրջ խնդիրներ են առաջացնում, ուստի մեր երկրում էլ ծխելու դեմ պայքարը շարունակում է մնալ երկրի առողջապահության գերակա խնդիրներից մեկը:

Ինչպես մեզ հետ զրույցում վստահեցրեց Առողջապահության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Բազարչյանը, «Ծխելու դեմ պայքարի պետական ծրագրի» նպատակին և առաջադրված խնդիրների լուծմանը հասնելու համար հարկավոր է համալիր իրականացնել հիմնական ռազմավարությունները: Չնայած ծխախոտի դեմ պայքարում մեր երկրի արձանագրած առաջընթացին, պարոն Բազարչյանի խոսքերով, դեռևս առկա են որոշակի բացեր: Նախարարության կողմից մշակվել են մի շարք իրավական ակտերի նախագծեր, որոնք ուղղված են այդ բացերի լրացմանը:
«Կոնվենցիան բավականին լուրջ միջոցառումներ է ներառում, որոնք երկիրը պարտավորվում է իրականացնել»,- ասում է Առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի պետ Լուսինե Քոչարյանը:

Ըստ նրա, օրենսդրական դաշտի բարելավումից հետո միայն, իրավական հիմքի վրա կարող ենք իրականացնել պետական ծրագրով նախատեսված մյուս միջոցառումները:
Ա. Բազարչյանի խոսքերով, այս պահին շրջանառության փուլում է Առողջապահության նախարարության կողմից մշակված «Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որն անդրադառնում է ծխախոտի գովազդին: Օրենքի փոփոխված տարբերակը նախատեսում է ծխախոտի գովազդի համապարփակ արգելք: «Նախարարության առաջարկները բխում են շրջանակային կոնվենցիայի պահանջներից, որի համաձայն` երկրները պարտավոր են արգելել ծխախոտային ապրանքատեսակների գովազդն իրենց մոտ: Ժամկետները և մնացածը պարզ կլինի օրենքի ընդունումից հետո»,- ասում է Ա. Բազարչյանը:

Ըստ նրա, ներկայումս մեր երկիրը վերլուծություն է կատարում, թե «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» օրենքն ինչպես է կատարվում. «Հիմնականում ուշադրության կենտրոնում են այն կետերը որոնք չեն կատարվում, ուսումնասիրվում է, թե ինչն է պատճառը, որ չեն կատարվում: Այդ առնչությամբ Առողջապահության նախարարությունը հանդես կգա որոշակի առաջարկություններով, մասնավորապես, թե ինչպես անել, որ այդ օրենքի պահանջները, որոնք չեն կատարվում, իրականացվեն, հետևաբար` դա էլ կպահանջի օրենսդրական փոփոխություններ, հատկապես՝ խոսքը վերաբերում է հասարակական վայրերում ծխելու սահմանափակումներին»:
Լ. Քոչարյանի խոսքերով. «Ծխախոտը հանդիսանում է կարևորագույն ռիսկի գործոն ոչ վարակիչ հիվանդությունների համար, և այսօր սրտանոթային, շնչառական համակարգի ու քաղցկեղային հիվանդությունների, մասնավորապես՝ թոքի քաղցկեղի 80-85 %-ը պայմանավորված է ծխախոտի երկարատև՝ 15-25 տարի և ավելի օգտագործմամբ»:

Քանի որ, ըստ Լ. Քոչարյանի, տղամարդկանց շրջանում առանց այդ էլ բարձր է ծխախոտի տարածվածությունը, վերջին տարիներին ծխախոտ արտադրողներն իրենց թիրախ ընտրել են կանանց և դեռահասներին. «Գեղեցիկ տուփերով և ավելի գրավիչ տեսքով՝ բարակ գլանակներով են իրենց ապրանքն առաջարկում»:

Նկատենք, որ ծխախոտի դեմ պայքարի 2010-15 թթ. ազգային ծրագրով նախատեսված է փոխել ծխախոտի փաթեթի պիտակավորումը: Ներկայումս տուփի մինչև 30 %-ն է փակվում առողջապահական նախազգուշացնող հայտարարություններով: Եկող տարվանից՝ ծխախոտի տուփերի կեսից ավելին ծածկված կլինեն սարսափազդու նկարներով, որը, Լ. Քոչարյանի խոսքերով, տհաճ կլինի հատկապես՝ կանանց համար գրպանում կամ պայուսակում պահելը. «Նկարների մասով դեռ աշխատանքներ են կատարվում, որպեսզի լինեն և՛ ազդեցիկ, և՛ էթիկայի սահմաններում»:

Հաշվի առնելով արտադրողների հնարամտությունները, Լ. Քոչարյանը գտնում է, որ գործողությունների ուղղությունը պետք է փոխել և արդեն առողջ ապրելակերպի քարոզչությունն իրականացնել բնակչության հատուկ տարիքային խմբերում, որպեսզի վաղ տարիքից չսկսեն ծխախոտի օգտագործումը. «Երիտասարդ տարիքում ամենօրյա ծխող դարձած մարդկանց շրջանում հիվանդացությունը շատ բարձր է»:
Չնայած Ա. Բազարչյանը վստահեցնում է, որ առողջ ապրելակերպի քարոզչության մեջ մեծ տեղ գրավող ծխախոտի դեմ քարոզչությունն ուղղվում է բնակչության բոլոր տարիքային խմբերին: Ըստ նրա, ծխախոտի դեմ պայքարի ծրագիրն, իր հերթին, կապվում է նախարարության մշակած առողջ ապրելակերպի ռազմավարության հետ.

«Որոշակի առաջարկություններ ու միջամտություններ են նախատեսվում այդ ռազմավարական ծրագրում, որն այս պահին նույնպես շրջանառության փուլում է, և մասնագետներն ու շահագրգիռ կառույցները տալիս են իրենց կարծիքը»:
Ծխախոտային ապրանքատեսակների հասանելիությունը նվազեցնելու համար, այսօր մի շարք երկրներում հարկային և ֆինանսական գնային գործիքներ են կիրառվում, այսինքն՝ հարկերը բարձրացվում են, ծխախոտն էլ շատ թանկ է վաճառվում. «Մեր հարևան երկրներում նույնպես հարկերը բարձրացվել են, այս պահին Ռուսաստանն է դիտարկում այդ հնարավորությունը, Ուկրաինայում, Արևմտյան Եվրոպայում ծխախոտը վաղուց թանկ ապրանքատեսակ է, և պետք է նշեմ, որ գնային և հարկային քաղաքականության միջոցով այդ երկրներում նվազեցվել է ծխախոտային ապրանքատեսակների հասանելիությունը»:

Հայաստանում նույնպես իրականացվել են որոշակի հետազոտություններ, և ծրագրի պատասխանատուները հանդես են եկել առաջարկություններով՝ հետագայում դիտարկել ծխախոտային հարկերի բարձրացման հարցը՝ առողջապահական տեսանկյունից:

Պարոն Բազարչյանը նաև հայտնեց, որ 2013-2014 թթ.-ին, երկրորդային ծխի, դեռահասներին ծխախոտային ապրանքատեսակների հասանելիության և այլ հարցերի հետ կապված կիրականացվի մեծ հետազոտություն՝ 13-15 տարեկանների շրջանում. «Հետազոտության նպատակն այն է, որ ուղղակի պատկերացում կազմենք, թե ինչպես է փոխվում իրավիճակը դեռահասների մոտ, դա լուրջ թիրախային խումբ է: Խոսքը նրա մասին չէ, թե օգտագործո՞ւմ է ծխախոտ, թե՞ ոչ: Թե ինչպես է գովազդն ազդում նրա վրա, այսինքն՝ ապացուցված տվյալների հիման վրա մենք պետք է կարողանանք կառուցել մեր քաղաքականությունը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս