«Քենեդուն հանձնեցին հողին «Սուրբ, Սուրբի» հնչյունների ներքո»
Զրույց երաժշտագետ, հեռուստալրագրող Մարգարիտ Թախտաջյանի հետ
– «Երաժշտական փոստարկղի» շնորհիվ, որը, փաստորեն, Ձեր հեղինակային հաղորդումներից էր, մեր ողջ դասարանն անգիր գիտեր Ռիգոլետոյի արիան, տղաները սուլում էին Բեթհովենի «Ձոն ցնծությանը»գ Փոստարկղը կա, իսկ Դուք շատ վաղուց չեք երևում էկրանին: Դուք, Ձեր սերնդակիցները կարծես անդառնալիորեն լքել եք հեռուստատեսությունը:
– Իմ հեռանալն անդառնալի չէր. գործուղման մեկնեցի ու նախատեսվածից երկար մնացի Միացյալ Նահանգներում: 90-92 թթ. գլխավորում էի «Սփյուռք» ստեղծագործական միավորումը: Լրագրողական գործունեությանս ողջ ընթացքում զբաղվել էի Սփյուռքով ու Սփյուռքի արվեստագետներին ներկայացնելու գործով: Խորհրդային տարիներին ինձ մեղադրեցին «չափն անցնելու» մեջ և անգամ արգելեցին մի քանի հաղորդում: Ինչպես եղավ հայտնի երգեհոնահար Պերճ Ժամկոչյանի դեպքում: Նա մոտ 20 երգեհոն էր նվիրել Հայաստանին: Ի դեպ, Ջոն Քենեդու թաղման արարողությունը տեղի էր ունենում Ժամկոչյանի երգեհոնային կատարման ներքո: Եվ, իր խոսքերի համաձայն, երբ ծեսը փոքր-քիչ երկարեց, ինքը պաուզան լցրեց Եկմալյանի «Պատարագով»: Աշխարհի հայությունն ապշել էր, որ, փաստորեն, Եկմալյանի «Սուրբ, սուրբի» հնչյունների ներքո Քենեդուն հանձնեցին հողին: Իսկ այն մարդիկ, ովքեր ժամանակին արգելում էին Սփյուռքին նվիրված իմ հաղորդումները, այսօր Ամերիկայում են: Ոմանք անգամ ի պաշտոնե, հպարտությամբ զբաղվում են Սփյուռքի հարցերով:
– Ձեր գործուղման ժամկետի ավարտը և 96-ի քաղաքական իրադարձությունները, եթե չեմ սխալվում, համընկան: Դուք Հայաստան չվերադարձաք:
– Ես մեկնեցի ԱՄՆ` որպես Հայաստանի պետական հեռուստատեսության սեփական թղթակից և լիազոր ներկայացուցիչ: Երբ իմ աշխատանքային գործունեությունն ավարտվեց, Հայաստանում քաղաքական իրավիճակն իրո՛ք լարված էր: Ես սուր ընդդիմություն էի և գերադասեցի գործել ԱՄՆ-ում: Անկախության հետ Հայաստանում մեծ հույսեր էին կապում, սակայն, կարծում եմ, որ դե ֆակտո` Հայաստանն անկախ չէ: Այսպիսի ավարտ ոչ ոք չէր սպասում:
– Ինչո՞ւ ավարտ և ոչ` ընթացք:
– «Ավարտ» ասելով` նկատի ունեմ այս համակարգը, որն ագոնիայի մեջ է: Ինձ համար ավարտ է այն, ինչ հիմա տեսնում եմ քաղաքական ասպարեզում: Ավարտ է այն, ինչ տեսնում եմ հեռուստատեսությամբ, որին իմ կյանքի 25 տարին եմ նվիրաբերել: Ինձ միշտ թվացել է, որ ամեն մարդ չէ, որ իրավունք ունի էկրանին երևալ: Իսկ հիմա էկրանին երևում են պատահական, ոչ պրոֆեսիոնալ, անգամ` ակնհայտ տգետ մարդիկ:
– Եթերում երևացող հաղորդավարուհիներն ու մեկնաբանները հետաքրքիր ոճ ունեին, ունեին թող որ` չափազանց ակադեմիական, սակայն կիրթ, գրագետ խոսք: Եթե լավ չեմ հիշում, խնդրում եմ, ուղղեք, սակայն նրանք, կարծեմ, չունեին շպարի հաստ շերտ, հագուստը պարզ էր, առանց դեկոլտեների ու մարմնի բարեմասնություններն ընդգծելու:
– Երբ ընդունվեցի հեռուստատեսություն, գերազանցությամբ ավարտել էի Կոնսերվատորիան: Մոտ 2 տարի խմբագրում էի երաժշտական հաղորդումներ: Մի առիթով Նառա Շլեպչյանը (մեզ համար մեծ հեղինակություն) մտավ բաժին և առաջարկեց իմ ղեկավարին` ինձ «եթեր հանել»: Այդ շրջանում արդեն լրագրո՛ղ-մասնագետն էր եթեր դուրս գալիս. դա մի նոր փուլ էր հեռուստատեսության մեջ: Հաղորդավարները աստիճանաբար անցնում էին միայն ծրագրեր հաղորդելուն: Իմ առաջին հաղորդաշարերից էր «Երաժշտական փոստարկղը», որի հիմնադիրն ու հաղորդավարն էի: Մոսկվայում կատարելագործվելուց հետո, երկու տարի անց հիմնադրեցի «Երաժշտական կյանք» հանդեսը: Առաջարկվեց երկու հաղորդումներից ընտրել մեկը. «Երաժշտական փոստարկղը» նամակներով խեղդում էին, և չէի կարողանում իմ նախընտրած մակարդակը պահպանել: Հանձնեցի այդ մեկը: Եվ այն դարձավ սոսկ պատվերով համերգ: «Փոստարկղը» վարեցին ամենատարբեր հաղորդավարներ` Ալեքսանդր Սայադյանը, Կարինե Սարգսյանը: Ապա այն անցավ Սուսաննա Շահինյանին, որն այսօր ներկայանում է` իբրև «Փոստարկղի» հիմնադիր և այդ հաղորդման դեմքը: Սակայն դա այդպես չէ:
– Թեև Սուսաննա Շահինյանը ժամանակակից հեռուստաաստղերի համեմատ` գրեթե «դասական» է:
– Ժամանակին գոյություն ուներ երաժշտական հաղորդումների գլխավոր խմբագրություն` իր ենթաբաժիններով` համաշխարհային դասական, հայ դասական, ջազ, ժողովրդական, գուսանականգ Յուրաքանչյուր բաժնում աշխատում էին պրոֆեսիոնալ երաժիշտներ, մասնագետներ: Կար նաև ինքնագործունեության բաժին: Կարծում եմ, որ այսօր էկրանին երևացող երգիչ-երգչուհիներից շատերն անգամ ինքնագործունեության բաժնի մակարդակը չունեն: Ինչ վերաբերում է հաղորդավարներին, այսօր հաղորդավարներից շատերն իրենց անձնական կարծիքը, սուբյեկտիվ վերաբերմունքը հավակնոտ տոնով ներկայացնում են, որ այդուհանդերձ, կա մեկը, որը քեզնից շուտ է այդ լուրը ստացել եթերից: Իսկ մեզ սովորեցնում էին` «Եթե եթերում անգամ դու պիտի առաջինը ներկայացնես լուրը, պիտի ներկայացնես այնպես, որ, այդուհանդերձ, քեզնից բացի` այն գիտի ևս մեկը»: Այսինքն` բացառվում էր մենտորական տոնը: Ես հայկական (նաև ռուսական) հեռուստատեսություն չեմ դիտում:
Ֆրանսերեն չգիտեմ, սակայն հաճույքով դիտում եմ ֆրանսիական հեռուստաընկերությունների հաղորդումները: Ճաշակ եմ տեսնում, զսպվածությունգ Եթերում հաճախ է երևում մի աղջիկ` Նազենի Հովհաննիսյանը, որը կարող է` հաջող դերասանուհի է (չեմ տեսել նրան բեմում), բայց եթերում նրա պահվածքը, շպարի աստիճանը, հագուստի «բազմազանությունը» և ոչնչով չհիմնավորված ամբիցիաներն անթույլատրելի են: Եթերը սիրում է անկաշկանդություն, բայց ոչ լկտիություն: Չի կարելի:
– Հեռուստատեսությամբ առաջինը վիզուալ տպավորությունն է, և հաղորդման վարկանիշը պայմանավորված է նաև հաղորդավարի արտաքինով: Բովանդակություն, իմաստ փնտրողը գիտի, որ դա ժամանակատար գործողություն է, և հեռուստատեսությունն այն տարածքը չէ, որտեղ փնտրում են նման բաներ:
– Հեռուստատեսության հայտնի տեսաբաններից մեկն ասում է. «Հաղորդավարի դեմքի արտահայտությունն ու ժեստերն ավելի խոսուն են, քան նրա արտաբերած խոսքերը»: Հեռուստադիտողի մակարդակն այս 20 տարիներին այնքան իջեցրին, որ այդ հեռուստադիտողը, որին իրենք ստեղծել են, կարող է պահանջել այդ և մյուս հաղորդավարներին: Բայց կիրթ, մակարդակ ունեցող մարդիկ չեն դիտում: Երբ ես էի աշխատում, ժողովրդի, հեռուստադիտողի մակարդակն այլ էր: Հեռուստատեսությունն էր ստեղծում հեռուստադիտող: Իսկ այսօր հեռուստադիտողն է ստեղծում հեռուստատեսություն: Հայկական Առաջին ալիքն ամենավատն է: Մյուսները մասնավոր ալիքներ են. նրանց բացթողումներն, անճաշակությունն ինչ-որ տեղ անկառավարելի է: Իսկ այս մեկը, որ պետական, ազգային ալիք է, այսպիսի մակարդակ չպետք է ունենար:
Ֆրանսիայում մի հաղորդաշար կար, որը, ըստ նրանց վարկանիշի, դիտում էր միայն մեկ տոկոս` մտավոր էլիտան: Այդ ծրագիրը պահեցին` հանուն այդ մեկ տոկոսի: Իսկ այսօր հայ մտավոր էլիտան նման ծրագիր չունի: Մանկական հեռուստաալիք կար` «Հայրենիքը», հիմա դա էլ չկա: Երեխաները ստիպված «Չոջուխլար» թուրքական հեռուստաալիքն են դիտում: Սա հակաազգային քաղաքականություն է; Առաջին ալիքն իր լոգոն է փոխել` առանց «Հ»-ի է: Գիտեք, միայն այս ոլորտը չէ: Գլոբալ փոփոխություններ են պետք, որպեսզի ինչ-որ բան փոխվի, մարդիկ երկրից նման տեմպերով չփախչեն:
– Հայաստանից հայերն արտագաղթել են նաև մինչև 88-ը, 90-ականները: Պատճառները միշտ չէ, որ սոցիալական են: Հիմա ևս փախչում են, թեև Սիրիայից մեր հայրենակիցներից շատ ընտանիքներ իներցիայով գալիս են Հայրենիք:
– Հայաստանի ԱԺ-ն արդեն 3 տարի չի ընդունում ներկայացված «Ներգաղթի մասին» օրենքը: Կարելի էր քննարկել, արագ ընդունել: Լիբանանը ևս վտանգի առաջ է: Սիրիայում տեսնում ենք` ինչ վիճակ է: Եթե Հայաստանի իշխանություններն ազգային լինեին` կկազմակերպեին ներգաղթ: Երբ Ռուսաստանը նավերով իր քաղաքացիներին էր տարհանում Սիրիայից, մենք էլ կարող էինք դիմել և խնդրել` նույն ճանապարհով օգնել նաև մեր հայրենակիցներին: Ի վերջո, ինքնաթիռով գալիս են դատարկ, ձեռնունայն: Նավերով պիտի կազմակերպեին, որ մարդիկ իրենց ունեցվածքով գային, ինչպես եկան 1946-ին: Եկան իրենց կահ-կարասիով, եկան ու օջախ ստեղծեցին:
– Կտրուկ անցում. երբ պատրաստվում էի Ձեզ հետ հարցազրույցի, կարդացի համացանցում Ձեր մասին եղած ողջ ինֆորմացիան: Մի հարցազրույցում ասել էիք, որ ուսումնասիրել ու գտել եք երկարակեցության գաղտնիքը: Եթե անգամ այն կա, ապա, ասացեք խնդրեմ, հանուն ինչի՞ են մարդիկ ցանկանում երկար ապրել:
– Իմ մորաքույրը` անվանի դաշնակահարուհի Արևիկ Ավդալբեկյանը, որը հիմա Իտալիայում է ապրում, շուտով 91 տարեկան կդառնա: Իր 90-ամյակի խնջույքի ժամանակ նա նստեց դաշնամուրի առաջ և այնպե՜ս փայլուն կատարեցգ Երբ մարդը լիարժեք կյանքով է ապրում, ապրում է հանուն մի բանի` արվեստի, իր երեխաների, ուղղակի Աստծո ամեն օրը վայելելու համար: Նման դեպքում ապրելը, անգամ շատ երկար, հավատացեք, իմաստ ունի: Տատիկս` Արաքսյա Կանայանը, ևս երկարակյաց էր: 90-ում սկսեց իտալերեն սովորել: Հրաշալի տիրապետում էր մի քանի լեզուների, հատկապես` հայերենին:
Մեր ընտանիքում գրական լեզուն բնական, խոսակցական լեզու էր: Կարելի է ասել` անգամ հայերենի պաշտամունք կար։ Հիմա եթերում հիմնականում հնչում է կենցաղային, անգրագետ խոսք: Անկեղծ ասե՞մ. կասկածներ ունեմ, որ մի օր կարթնանանք ու կտեսնենք, որ Հայաստանում ռուսաց լեզվին տրված է երկրորդ պետական լեզվի կարգավիճակ: Ամեն ինչ դրան է գնում: