Բաժիններ՝

Բոլոր մակարդակների վրա անհրաժեշտ է քաղաքական կամք՝ առանց քաղաքականացնելու

Օրեր առաջ լույս տեսավ «Լևոն Թրավել» ընկերության տուրիստական բաժնի ղեկավար Դավիթ Խաչիյանի «Տուր-գործակալի խոստովանությունը» գրքի երկրորդ, լրացված հրատարակությունը: 168.am-ի հետ զրույցում գրքի հեղինակն ասաց, որ մանրապատումների թեմաները կապված են իր աշխատանքային գործունեության գրեթե 20 տարիների ընթացքում կուտակված ճամփորդական հուշերի հետ:

Գրքի ստեղծման մանրամասների, Հայաստանում տուրիզմի այսօրվա վիճակի և զարգացման հեռանկարների մասին պատմում է Դավիթ Խաչիյանը:

– Դավիթ, մի փոքր կպատմե՞ք՝ ինչքա՞ն ժամանակ եք աշխատել գրքի ստեղծման վրա, և ո՞ւմ համար է նախատեսված այն:

– Սկսեմ վերջին հարցից: Գիրքը նախատեսված է, ինչպես ընդունված է ասել, ընթերցողների լայն շրջանակների համար: Սա երկրորդ հրատարակությունն է. առաջինը լույս էր տեսել 2008 թվականին՝ 300 տպաքանակով: Ի զարմանս ինձ` այդ 300 օրինակը մի տարում սպառվեց՝ հիմնականում նվիրելու շնորհիվ: Գրքի թեմաները կապված են իմ ճամփորդական հուշերի հետ, որոնք  փորձել եմ ներկայացնել զավեշտի ձևով: Այժմ գիրքը վաճառվում է գրախանութներում, թեև վստահ եմ, որ այն կրկին կսպառվի՝ հիմնականում նվիրելու միջոցով:

Կարդացեք նաև

– Իսկ ինչո՞ւ չի վաճառվի:

– Իսկ հիմա կա՞ ինչ-որ գիրք, որը հաջողությամբ վաճառվում է: Ես չգիտեմ… Խնդիրն ավելի խորն է. մարդիկ այսօր շատ քիչ են կարդում, նախապատվությունը տալիս են էլեկտրոնային գրքերին, որին ես այնքան էլ կողմ չեմ: Կարծում եմ՝ կարդալիս պետք է գիրքը ձեռքումդ լինի: Ասեմ, որ ով կարդում է, զարմացած ասում է՝ «ինչպե՞ս, Հայաստանում այսպիսի գրականություն կա՞»:

– Գիրքը ռուսերեն է գրված: Պատճառը ո՞րն է:

– Թեմատիկան է հուշում լեզուն: Ես ռուսական շուկա մուտք գործելու մտադրություն չեմ ունեցել, գիրքը նույն հաջողությամբ կարող էր նաև հայալեզու լինել: Պարզապես գործի բերումով շատ եմ շփվում ռուսալեզու շուկայի հետ, միգուցե այդ պատճառով էլ այս թեմատիկան ռուսերեն ներկայացվեց:

– Ասացիք, որ ճամփորդական հուշեր եք ներկայացրել: Ո՞ր երկրներին եք անդրադարձել:

– Անդրադարձել եմ բոլոր այն երկրներին, որտեղ բախտ է վիճակվել լինել. դրանք եվրոպական տարբեր երկրներն են, ԱՄՆ-ը, Ճապոնիան, Արաբական աշխարհի երկրները…

Գաղտնիք չէ, որ այսօր լուրջ «ձյաձյաներն ու ծյոծյաները» շատ են խոսում տուրիզմի մասին:  Ես իմ գործի բերումով՝ բոլոր խնդիրների մասին տեղեկություն ունեմ  և կարծում եմ, որ պետք չի դրանք ծանրացնել: Եկեք փորձենք հումորի տեսանկյունից նայել, ավելի թեթև տանել, միաժամանակ` լուծումներ գտնել:

– Ի՞նչ եք կարծում՝ տուրիզմով զբաղվող անձանց համար գիրքն ի՞նչ դեր կունենա:

– Այս գիրքն ավելի շատ ճամփորդել սիրող մարդկանց համար է: Վիճակագրական տվյալներով՝ աշխարհի 7 մլրդ բնակչությունից ամեն տարի մոտավորապես 1մլրդ-ը ճամփորդում է: Այսինքն՝ իմ պոտենցիալ ընթերցողն ամեն յոթերորդ մարդն է: Այո, գիրքը լայն շրջանակների համար է նախատեսված և որևէ մասնագիտական պատրաստվածություն չի պահանջում:

– Անդրադարձ կատարենք տուրիզմին…Առհասարակ գոյություն ունի՞ տուրիստական եղանակ կոչվածը, և ե՞րբ է այն մեզ մոտ ավարտվում:

– Հայաստանում ընդգծված են բնակլիմայական բոլոր սեզոնները, սակայն, անկեղծորեն ասենք, որ զբոսաշրջիկների համար մեր երկիրն ավելի գրավիչ է ամռանը, գարնանը և աշնանը: Պակաս գրավիչ է ձմռանը` բոլորի համար, բացառությամբ՝ ձմեռային սպորտաձևերի սիրահարների:

– Կմանրամասնե՞ք եղանակային տուրիստական փաթեթների առանձնահատկությունները:

– Ես գրեթե քսան տարի այս գործով եմ զբաղվում, բավականաչափ ճամփորդել եմ և պատրաստ եմ ձեռքս դնել Աստվածաշնչի վրա և ասել, որ Հայաստանը տուրիզմի առումով բացառիկ հետաքրքիր երկիր է: Հայաստանը՝ Արցախի հետ միասին, հսկայական պոտենցիալ ունի: Եթե ես հայ չլինեի, մեծ հաճույքով կայցելեի այստեղ: Ինչո՞ւ… Այս հարցն ինձ հաճախ են տալիս: Փորձել եմ առանցքային մի քանի կետեր մտածել, որոնք կարող են այս հարցի պատասխանը լինել: Առաջինը մեր ծիրանենին է: Գիտենք, որ Ճապոնիայում գոյություն ունի Սակուրայի տոնը, որի իմաստը ծաղկած բալենու երկրպագությունն է:

Սա, իհարկե, գալիս է դարերի խորքից և նստած է ճապոնացիների գեների մեջ: Ինչո՞ւ մենք չենք կարող նման բան անել Հայաստանում, ինչո՞ւ չենք կարող ծիրանի տոն կազմակերպել: Այն մեր ազգային ապրանքանիշերից մեկը պետք է լինի, քանի դեռ ուրիշները չեն յուրացրել (ի դեպ` նման վտանգ կա): Հայաստանը հայրենիքն է ծիրանենու, որի համեղ պտուղներն ենք ուտում, և որի փայտից պատրաստվում է հանրահայտ դուդուկը: Երկրորդ պատճառը Տաթևի ճոպանուղին և վանքն են: Սրանք բացառիկ երևույթներ են: Ինձ շատ հաճախ հակադարձում են՝ ասելով, թե Հայաստանում միայն եկեղեցիներ կան: Բոլոր երկրներում էլ կրոնական շինություններին մեծ ուշադրություն են դարձնում: Տաթևի վանքը ֆանտաստիկ երևույթ է, և դրանով կարելի է համարձակորեն դուրս գալ միջազգային շուկա: Հաջորդ կարևոր կռվանը հայկական հյուընկալությունն է: Սա ևս պետք է դառնա մեր ապրանքանիշը:

Շատ երկրներ կան, որտեղ տուրիզմը զարգացած է, բայց չկա նման վերաբերմունք: Ազգային ապրանքանիշ է նաև մեր կոնյակը, բայց ամենակարևորն Արարատն է: Վերջին տարիներին անընդհատ ասում են, որ չպետք է Արարատն այդքան շահագործել՝ Թուրքիայի հետ հարաբերությունները չվատթարացնելու համար: Արարատը ոչ միայն մեր հպարտությունն ու ցավն է, այլև մեր խորհրդանիշը,  ուստի այն կարող է լայնորեն կիրառվել:

– Ի՞նչ եք կարծում՝ զբոսաշրջիկները մեր երկրից գո՞հ են հեռանում:

– Մենք չենք կարողանում Հայաստանը դրսում գովազդելու համար լուրջ միջոցներ ծախսել: Մի վիճակագրություն կա` եթե զբոսաշրջիկը երկրից գոհ է հեռանում, նա յոթ հոգու ասում է  դրա մասին, իսկ եթե դժգոհ է հեռանում, մոտավորապես 40 հոգու է դրա մասին պատմում: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ յուրաքանչյուր զբոսաշրջիկ, որ հեռանում է Հայաստանից, լինի շատ գոհ, բավարարված և իր երկրում պատմի մեր երկրի մասին: Սա էլ գովազդվելու մի ձև է, բայց պետք է նկատի ունենանք, որ ամեն մարդ չպետք է տուրիզմով զբաղվի: Սա լուրջ մասնագիտություն է, ամեն մեկը չի կարող և չպետք է տուրիզմով զբաղվի: Սա ժողովրդական դիվանագիտության պես մի բան է. պատահական մարդիկ այստեղ չպետք է լինեն:

– Հետաքրքիր է՝ Հայաստանում իսկապես շատ են տուրիստական գործակալությունները…

– Տուրիզմի դաշտը բաց է, և, ի տարբերություն բիզնեսի մյուս ձևերի, այս դաշտում չկան ճնշումներ, օլիգարխիա, մոնոպոլիա և այլն: Այստեղ գործում է մաքուր մրցակցություն, և հաղթում է նա, ով իրոք ուժեղ է, բայց ոչ թե զարտուղի միջոցներով, այլ իր հնարավորություններով, ունակություններով ու աշխատասիրությամբ: Իհարկե, լավ է, որ դաշտը բաց է, բայց պատահական մարդիկ չպետք է տուրիզմով զբաղվեն և ներխուժեն այս դաշտ:

Նրանք կարող են երկրի անվան հետ խաղալ, քանի որ, եթե զբոսաշրջիկը չբավարարված հեռանա մեր երկրից, դա մեզ համար վտանգավոր կլինի: Ամեն գործի հիմքում գաղափարն է, եթե այն լավն է, ապա կդառնա բիզնես: Երբ խոսում ենք մեր ընկերության առաքելության մասին, ես միշտ ասում եմ, որ ի սկզբանե պետք է ունենալ գաղափար, և առաջնայինը պետք է լինի ոչ թե գումար աշխատելու ցանկությունը, այլ արտասահմանում սեփական երկրի բարենպաստ կերպարի ներկայացումը, որպեսզի շահագրգռենք զբոսաշրջիկներին՝ գալ մեր երկիր և հեռանալուն պես պատմել Հայաստանի մասին: Ահա սա՛ է մեր առաքելությունը:

– Ձեր գործունեության ընթացքում եղել են դեպքեր, երբ զբոսաշրջիկը մի անգամ այցելելով մեր երկիր՝ ցանկություն է հայտնել և այցելել է նաև երկրորդ անգամ:

– Այո, բազմիցս: Ես մի հոլանդացի զբոսաշրջիկ ունեմ, ով այս տարի արդեն 5-րդ անգամ Հայաստան եկավ:

Մենք ամեն անգամ նոր փաթեթներ ենք ներկայացնում, որպեսզի զբոսաշրջիկն ամեն այցի ժամանակ նոր բաներ տեսնի: Եվ թող ոչ ոք ինձ հեքիաթ չպատմի, թե մենք միայն եկեղեցիներ ունենք:

– Բայց մեր ունեցածը կարծես չբացահայտված լինի…

– Մենք մի փոքր երես ենք առել: Եթե ավելի քիչ ունենայինք` հաստատ ավելի խնամքով կվերաբերվեինք ու ավելի թանկ կգնահատեինք մեր արժեքները:

– Իսկ այն կարծրատիպը, թե մենք միայն եկեղեցիներ ունենք, ինչի՞ց է գալիս:

– Ինչպես բոլոր ոլորտներում, տուրիզմի մեջ էլ է ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը մուտք գործել: Նա, ով լսում է, որ տուրիզմը լավ բիզնես է, մտածում է դրանով զբաղվելու մասին: Իրականում այդ մարդիկ չգիտեն՝ ինչ է տուրիզմը: Չի կարելի մեկօրյա փաթեթի մեջ տասը և ավելի եկեղեցիներ ընդգրկել: Ես տեսել եմ նման փաթեթներ… Տուրիզմը շատ ընդգրկուն ոլորտ է, այն իր մեջ ներառում է երկրի բնությունը և կլիման, առասպելները և պատմությունը, խոհանոցը և մշակույթը… Մի անգամ ճապոնացի զբոսաշրջիկների համար մեր թարգմանիչը թարգմանեց Վ. Տերյանի «Աշնան մեղեդի»  բանաստեղծությունը: Ճապոնացիները ոչինչ չհասկացան, հետո թարգմանիչը ձեռքերով բացատրեց, և նրանք ապշել էին: Ասացին, որ մյուս անգամ Հայաստան կայցելեն՝ հատուկ մեր պոեզիան ուսումնասիրելու նպատակով: Ապշելու բան է… Եվ իրոք, ինչո՞ւ մենք նաև մեր գրականությամբ զբոսաշրջիկներին չգրավենք:

– Մտավախություն ունեմ, որ մենք՝ հայերս, ավելի քիչ ենք ճանաչում մեր երկիրը, քան զբոսաշրջիկները:

– Միանշանակ ասել չենք կարող: Զբոսաշրջիկներն ամեն ինչին ուրիշ հայացքով են նայում: Մենք կարող ենք անցել ճանապարհով ու չտեսնել ճամփեզրի աղբը: Նրանք նկատում են: Մենք լավ չենք վերաբերվում մեր արժեքներին, չենք խնամում, ինչի արդյունքում էլ դրանք քանդվում են:

– Հաշվի առնելով բոլոր այս խնդիրները՝ ի՞նչ քայլեր պետք է անենք տուրիզմի ոլորտն ավելի զարգացնելու և առաջ մղելու համար:

– Ծեծված արտահայտություն կա՝ քաղաքական կամք: Բոլոր մակարդակների վրա անհրաժեշտ է քաղաքական կամք՝ առանց քաղաքականացնելու: Ինչպես նաև` սրամիտ, սրտացավ մոտեցում բոլոր հարցերում: Ես սա քիչ եմ տեսնում այսօր…

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս