Բաժիններ՝

ՀԱԷԿ-ի կյանքի տևողությունը կերկարացվի

Վերջերս ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը լրագրողներին հայտարարել էր, թե հայկական ԱԷԿ-ի կյանքը երկարաձգվել է ևս 10 տարով և այն կաշխատի մինչև 2026 թ-ը: ԱԷԿ-ի հարցերով ՀՀ կառավարությունն աջակցություն է ակնկալում ռուսական «Ռոսատոմ» ընկերությունից:

 

1990-ական թվականներին չաշխատած ժամանակշրջանը հանելու դեպքում՝ ԱԷԿ-ի աշխատանքային ստաժը շուրջ 30 տարի է: 1979 թվականից ի վեր ԱԷԿ-ի թափոնները դուրս չեն բերվել ՀՀ-ից, կա թափոնների գերեզմանոց, որի կյանքն առավելագույնը մինչև 40 տարի է: ԱԷԿ-ի ռեակտորի մետաղը հաշվարկային է և դրա ծերացման դեպքում վտանգ կա, որ կարող է ճառագայթել:

Ատոմակայանների շահագործման ԳՀԻ տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր, ՀՀ նախագահին կից ատոմային էներգիայի անվտանգության խորհրդի անդամ և գործադիր քարտուղար Վահրամ Պետրոսյանը 168.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ ԱԷԿ-ի ռեակտորի կորպուսը, որի հետ է կապված կայանի կյանքի տևողությունը, բավականին լավ վիճակի մեջ է. «Այնպես որ, բոլոր հետազոտությունները կարվեն, որից հետո կա ծրագիր, և այդ ծրագրի համապատասխան մեր ԱԷԿ-ի կյանքի տևողությունը կերկարացվի: Դա շատ ձեռնտու տարբերակ է մեր երկրի համար»:

ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման արտոնագրի ժամկետն ավարտվում է 2016թ. դեկտեմբերին (շահագործման նախագծային ժամկետը 30 տարի է): Ըստ Վ.Պետրոսյանի՝ աշխարհում նմանատիպ կայանների կյանքը երկարացվել է և դա իրեն արդարացրել է:

Նա նշեց, որ ԱԷԿ-ի կյանքի երակաձգման համար ՄԱԳԱՏԵ-ի թույլտվության կարիքը չկա: ՄԱԳԱՏԵ-ն ավելի շատ հսկող ու խորհրդատվական կառույց է:

«ՄԱԳԱՏԵ-ի մասնագետներն իրենք նմանանտիպ բլոկեր Վորոնեժում, Ֆինլանդիայում, Ուկրաինայում 2 անգամ 15 տարի, ընդհանուր՝ 30 տարի, երկարացրել են: Եվ դրանք ՀԱԷԿ-ի նույն տիպի բլոկներ են»,- ասաց Վ.Պետրոսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս