Ջամիլ Հասանլին պահանջում է նոր ընտրություններ. պլանավորված է հանրահավաք
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ժողովրդավարական ուժերի Ագային խորհրդի (ԺՈՒԱԽ) միասնական թեկնածու Ջամիլ Հասանլին այսօր լրագրողների հետ զրույցում պահանջել է չեղյալ հայտարարել նախագահական ընտրությունների արդյունքները՝ կապված տոտալ ընտրակեղծիքների հետ:
Հասանլին պահանջել է անցկացնել նոր ընտրություններ, քանի որ ընտրակեղծիքների մասշտաբներն այնքան մեծ են, որ անհնար է հաստատել ժողովրդի կամարտահայտումը: Հասանլին մանրամասնել է, որ բազմաթիվ ընտրատեղամասերում դիտորդներին չեն տրվել քվեարկության արդյունքների արձանագրությունները:
Նշելով, որ ընտրությունները չեն հանդիսանում իրենց պայքարի ավարտը՝ Հասանլին հայտարարել է, որ պլանավորում են հանրահավաք կազմակերպել՝ կապված նախագահական ընտրությունների արդյունքների հետ.
«ԺՈՒԱԽ-ը հանրահավաքի անցկացման հայտ է ներկայացնելու Բաքվի գործադիր իշխանություններին: Հուսով եմ, որ մեզ կտրամադրեն հարթակ՝ մեր բողոքն արտահայտելու համար: Մենք մեր ճշմարտացիությունն ապացուցելու ենք միջազգային բոլոր կառույցներում»:



