Տիգրան Թորոսյան. Ժամանակին նման բան չի եղել, թե հիմա ի՞նչ են անում, թող իրենք պատասխանեն
Հոկտեմբերի 2-ին ԱԺ-ում տեղի ուենցած ՀՀ գլխավոր դատախազի քվեարկությունը, ընդդիմադիրների կարծիքով՝ կեղծվել է: Խորհրդարանական ոչ իշխանական ուժերը հայտարարում են, թե արձանագրված 3 դեմ ձայները չեն արտահայտում քվեարկության իրական պատկերը՝ պնդելով, թե թեկնածու, այլևս գործող դատախազ Գևորգ Կոստանյանն ընտրվել է ավելի շատ դեմ ձայներով:
Գևորգ Կոստանյանի ընտրությունը շատերն անգամ համեմատեցին նախկին դատախազ Աղվան Հովսեփյանի ընտրությունների հետ: Նույնիսկ կարծիքներ հնչեցին, թե Ա. Հովսեփյանի թեկնածության վերաբերյալ ընտրություններն էլ առեղծվածային էին, որովհետև դարձյալ դեմ հնչած հայտարարություններն ավելի շատ էին, քան քվեարկության արդյունքում արձանագրված «դեմ» ձայները:
Այս առնչությամբ 168.am-ը այդ տարիների ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանից հետարքրվեց՝ ինչպե՞ս է նա վերաբերում այդ համեմտություններին, և արդյոք հնարավո՞ր է՝ ԱԺ-ում անցկացված ընտրությունները կեղծվեն: Հիշեցնենք, որ հաշվիչ հանձնաժողովի կազմում ընդգրկված են նաև ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներ:
Ի պատասխան Տիգրան Թորոսյանը նշեց. «Եթե իմ նախագահության ժամանակի մասին է խոսքը, ապա կարող եք բացել թերթերը և կտեսնեք, որ որևէ նման հարցադրում չի եղել: Այն, որ Հայաստանում կարող են անպատասխանատու և վերացական հայտարարություններ արվել, դա նորություն չէ: Թե ի՞նչ է եղել հիմա` ես չեմ կարող ասել»:
Մեր հարցին, թե բացառո՞ւմ եք, որ այժմ խորհրդարանում տեղի ունեցող ընտրությունները կարող են կեղծվեն, նա պատասխանեց. «Նրանք, ովքեր խոսում են դրա մասին, նրանց պետք է ուղղել այդ հարցը, որպեսզի իրենք էլ հիմնավորեն իրենց ասածները: Ես կարող եմ ասել, որ ժամանակին նման բան չի եղել, թե հիմա ի՞նչ են անում, թող իրենք պատասխանեն»:
Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը, վերհիշելով Աղվան Հովսեփյանի ընտրությունները, ասել էր, թե իրենք էլ այն ժամանակ էլ իրենք հայտարարել էին, որ դեմ էին քվեարկելու, բայց արդյունքում Ա. Հովսեփյանն ընտրվել էր երեք դեմ ձայների հարաբերակցությամբ. ««Ժառանգությունը» հայտարարել էր, որ դեմ է քվեարկելու, բայց մենք 3 հոգի չէինք, շատ էինք: Ճիշտն ասած, չգիտեմ՝ դա ո՞նց է լինում: Ես ինքս հաշվիչ հանձնաժողովում եղել եմ, ինձ հետո ասել են, որ դու շատ միամիտ ես, չես տեսնում, թե քո քթի տակ ինչպես են քվեաթերթիկն անվավեր սարքում: Այսպիսի բաներ ինձ ասել են, ես միշտ ապշել եմ: Ամեն անգամ փորձել եմ ավելի զգոն լինել, բայց իմ երևակայությունն իրենց խարդախության երևակայությանը չի կարող հասնել»:



