Բանավեճ. «Քաղաքակրթական խաչմերուկ. ի՞նչ է ընտրելու Հայաստանը»
«Քաղաքակրթական խաչմերուկ. ի՞նչ է ընտրելու Հայաստանը» հարցադրումն էր «Մեդիա Կենտրոնի» նախաձեռնած հերթական բանավեճի թեման. Եվրոպա, թե Ռուսաստան՝ դեպի ուր ենք ձգտում մեր քաղաքակրթությամբ:
«Մաքսային միությունը օլիգարխների համար լրացուցիչ շանս կտա շարունակել իրենց տնտեսվարման այն մեթոդները և ձևերը, որ այսօր Հայաստանում կա. չի փոխվի այս իմաստով էական բան: Հայաստանում ավելի կավելանա բռնության մշակույթը, մի քիչ կմեծացնի մեր դեռևս չազատված ենթակայության զգացումը, մի քիչ կնվազեցնի մեր արժանապատվության զգացումը և կբերի Հայաստանին մի տեղ, որտեղ մի երկրին անհրաժեշտ է միություն, կարևոր չէ`մաքսային թե տնտեսական, դա ուղղակի մի քաղաքական պայման է, որով որոշ դիվանագիտական և քաղաքական փաստարկներում միություն պետք է բառը նշել»,- կարծում է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:
Բանավեճին մասնակցում էին. Հրանուշ Խառատյանը, Ալեքսանդր Թոփչյանը, Լևոն Իգիթյանը, Գևորգ Տեր-Գաբրիելյանը և Ռազմիկ Դավոյանը:
«Մենք մինչև ստորագրելը, ըստ էության, Մաքսային միության մեջ էինք, որովհետև անցած 200 տարվա մեր պատմական ուղին անկախ Ռուսաստանի այս կամ այն կեցվածքից մեր հանդեպ, արդեն մտել էինք և ուրիշ կերպ չէր կարող լինել, անհեթեթ կլիներ, եթե չստորագրվեր: Իսկ եթե դա չի խանգարի, որպեսզի մենք հարենք եվրոպական ինչ-ինչ, այսպես ասած, փաստաթղթերի, որոնք մեզ օգուտ կտան միայն. ինչո՞ւ չէ, օգտվենք: Եթե` ոչ, մենք կմնանք այդ Մաքսային միության մեջ»,- նշել է Ալեքսանդր Թոփչյանը՝ գրող, գրականագետ, գրաքննադատ:
«Տրվել այսօրվա Ռուսաստանին բոլոր կապերով և ինքնաիզոլացվել Եվրոպական միությունից և այլ արևմտյան ազդեցություններից, Հայաստանին կտա «հոյակապ» հնարավորություն մինչև վերջ մսխել ընդերքը, մինչև վերջ ոչնչացնել ծառերը, ամբողջ Հայաստանը, իրոք, հայաթափ անել, լուրջ նախադրյալներ ստեղծել Լեռնային Ղարաբաղը կորցնելու համար և այլ նմանատիպ «բարիքներ»:
Իսկ եթե համամասնորեն զարգացնել հարաբերությունները արևմտյան երկրների և կրթված աշխարհի հետ, ապա գուցե հնարավորություն կտա ատկատի դեմն առնել, որը Ռուսաստանից հիմա ուժեղ ձևով գալիս է, և որը շատ հարմար է լինելու մեր բոլոր կլաններին և կոռուպցիոներներին: Եթե. բայց դրա համար շատ մեծ աշխատանք է պետք, որը չի երևում, որ այստեղ կատարվելու է»,- ասում է հրապարակախոս Գևորգ Տեր-Գաբրիելյանը:
«Ես չեմ կարծում, թե ավելի լավ գիտեմ՝ պետք էր ստորագրել, թե չէ: Նա, ով համաձայնություն է տվել և ստորագրել է, ավելի լավ գիտի: Ես կարծում եմ՝ նրանք ելնում են մեր ժողովրդի, մեր երկրի ապագայի տեսանկյունից՝ այդ քայլն անելով: Եվ ինչու կա այս համոզմունքը, որովհետև, անկեղծորեն եմ ասում, անհնար է պատկերացնել, որ էսօր էնտեղ ինչ-որ մարդիկ, զուտ իրենց անձնական շահերից ելնելով, ինչ-որ բաներ են ծրագրում, այդպիսի բան չեմ պատկերացնում, չկա և չի էլ կարող լինել: Բայց Ռուսաստանը միակ երկիրն է, որ մեր ժողովրդի ո´չ հիմնավոր տեղափոխումը, ո´չ հիմնավոր բնաջնջումը չի ուզել. Ռուսաստանն է, մնացածներն այս կամ այն կերպ համաձայն են եղել հիմնական բնաջնջմանը կամ ուզել են»,- կարծում է բանաստեղծ, արվեստագետ Ռազմիկ Դավոյանը:
«Աշխարհում միշտ մեծ խաղ է գնացել. ով լավ է խաղում, նա էլ շահում է: Մենք հաճախ վատ ենք խաղացել: Հիմա ես հույս ունեմ, որ այս խաղում մենք պիտի շահենք: Մենք պիտի լավ խաղանք, վարպետ ես՝ լավ խաղա»,- կարծում է Երևանի ավագանու անդամ, ճարտարապետ Լևոն Իգիթյանը:
Բանավեճի ամբողջական տեսագրությունը դիտեք այստեղ:
«Մեդիա Կենտրոն»