
2012 թվականի սկզբից Իրանում կրկնակի նվազել է նավթի արտահանման ծավալը

Вестник Кавказа-ի փոխանցմամբ՝ 2012 թվականի սկզբից կրկնակի կրճատվել է Իրանից նավթի արտահանումը: Եթե այն ժամանակ նավթի օրական արտահանումը կազմել է 2.2 միլիոն բարել, ապա ներկայումս այն նվազել է մինչև գրեթե 1 միլիոն բարելի:
Միևնույն ժամանակ կոնդենսատի օրական արտահանման ծավալը նախորդ ամսվա 0.3 միլիոն բարելից նվազել է մինչև 0.1 միլիոնից էլ պակաս բարել: Նախորդ ամիս (հուլիսի 20-ից օգոստոսի 20) Իրանն արտահանել է միայն 280 միլիոն դոլարի կոնդենսատ, ինչը 55 տոկոսով ավելի պակաս է՝ համեմատած ընթացիկ տարվա միջին ցուցանիշների հետ:
Մարտի 20-ին մեկնարկած իրանական տարում երկրից արտահանվել է 3.1 միլիարդ դոլարի կոնդենսատ: 2012 թվականի կեսերից կոնդենսատի արտահանումը նավթի արտահանման նման կտրուկ անկում է ապրում: Կոնդենսատի արտահանման նվազման հետ մեկտեղ նվազել է նաև նավթաքիմիական ոլորտի արտադրանքի արտահանումը՝ 15 միլիարդ դոլարից նվազել է մինչև 10 միլիարդ դոլարի (33 տոկոսանոց անկում):