Սլավոն «օրենքով գողերն» ընդդեմ Սանյա Բաբանի
Ինչպես գրում է «Прайм Крайм» գործակալությունը, մոտ 10 օր առաջ՝ Հունաստանում տեղի ունեցած գողական խոշոր հավաքից հետո (որտեղ քննարկվել էր Գելա Կարդավայի և Բադրի Կոգուաշվիլիի մեղադրանքների հիմնավորվածությունը՝ ընդդեմ Տախա Ուգլավայի), Դեդ Հասանի կլանի սլավոնական թևի ներկայացուցիչները հավաքվել են Մոսկվայում՝ իրենց խնդիրները քննարկելու համար։ Այս անգամ նույնպես խոսակցության գլխավոր թեման եղել է Գելա Կարդավան։
«Прайм Крайм»-ի տեղեկություններով՝ հավաքի նախաձեռնողը Դեդ Հասանի նախկին գանձապետ համարվող Վասյա Վոսկրեսն է եղել, որը ոչ մի կերպ չի կարողանում համակերպվել Սանյա Բաբանի՝ վերջերս տեղի ունեցած թագադրման փաստի հետ։ Հիշեցնենք, որ 42-ամյա Բաբանը «օրենքով գող» է ճանաչվել Ստամբուլում այս տարվա օգոստոսին՝ ևս վեց հոգու հետ միասին։ Որպես «կնքահայրեր» հանդես են եկել Կարդավան ու նրա կողմնակիցները։ Սակայն Բաբանին առաջ քաշող գլխավոր անձը թբիլիսյան «օրենքով գող» Պաատա Մալենկին է։ Ընդ որում, չար լեզուներն ասում են, որ նա Բաբանից կլորիկ գումար է ստացել իր վերաբերմունքի համար։
Արևմտյան Սիբիրում Սանյա Բաբանի նման փորձառու նոր «օրենքով գողի» հայտնվելը ամենևին Վոսկրեսի սրտով չէր, որը վերջերս էր քայլեր ձեռնարկել իր ազդեցությունը՝ Ռաջիկի և Տկաչի միջոցով։ Բաբանի թագադրմանը սլավոններն արձագանքեցին՝ ծեծելով «օրենքով գող» Մերաբ Պիպիային։ Վերջինս, ճիշտ է, մասնակցել էր Բաբանի թագադրմանը, սակայն առաջին դերում չէր եղել։ Չնայած դրան՝ Պիպիային պատժելու համար Մոսկվայից Բուլղարիա էին ուղևորվել Վոսկրեսի ընկերները՝ Ժորա Տաշքենդսկին, Ցիրկաչը և Ցեզարը։
Պաատա Մալենկիին նման կերպով վերաբերվել բնականաբար չէին կարող։ Այդ իսկ պատճառով էլ նրան հրավիրել են վերը նշված գողական հավաքին և թբիլիսցի հեղինակություններ Օթարի Տոտոչիայի և Գիյա Դիաքնիշվիլիի ներկայությամբ բացատրել, որ ողջ Տյումենը դեմ է Բաբանին։ Նաև հիշեցրել են Դաթո Սուրգութսկու՝ Բաբանի դեմ ուղղված մեղադրանքների մասին։ Ասում են, Պաատան չի վիճել և համաձայնել է մեծամասնության կարծիքի հետ։ Այժմ Պաատան ինքը պետք է փոխանցի Բաբանին, որ վերջինս դեռ «օրենքով գող» չի հանդիսանում։
Ըստ «Прайм Крайм»-ի