Եթե չեն կարողանում հաղթել, գոնե կարողանանք արժանապատվորեն պարտվել

Ավարտվում է ՀՀ նախագահի` Մաքսային միություն մտնելու հայտարարությամբ պայմանավորված շոկային միամսյակը, ուստի կարող ենք առաջիկա զարգացումների մասին ավելի հանդարտ պայմաններում դատողություններ անել: Համարում եմ ժամանակավրեպ` քննարկել` մենք պարտադրվա՞ծ գնացինք այդ քայլին, թե՞ դա, այնուամենայնիվ, բխում է մեր պետության շահերից:

Միամտություն է կարծել, թե հիշյալ հայտարարությունը մեր երկրի հանդեպ անվստահություն է առաջացրել միայն ԵՄ-ի մեր գործընկերների շրջանում: ՌԴ-ն, քաջ գիտակցելով, որ, եթե 4 տարի բանակցելուց հետո «թռել ենք» իրենց ուղղությամբ, ապա ի՞նչ երաշխիք, որ «հետթռիչք» չենք կատարի, մանավանդ, որ առաջինի դեպքում ունենք ավարտուն փաստաթուղթ` պատրաստ ստորագրման, իսկ երկրորդի պարագայում` ընդամենը հայտարարություն: Ուստի Ռուսաստանն ամեն ինչ անելու է, որպեսզի «կտրի մեր թևերը»:

Մինչդեռ մենք խնդիր ունենք ՌԴ իշխանություններին բացատրելու, որ հարկավոր է լայնածավալ աջակցություն ցուցաբերել մեզ, որպեսզի դրանով Ուկրաինային, Վրաստանին ու Մոլդովային հստակ հասկացնել տան, թե ինչ կորցրեցին ԵՄ-ի հետ ասոցիացվելու պատճառով, այլ ոչ թե մեզ փոշմանեցնել կատարած ընտրության հարցում: Բայց դրա համար մեզանում իշխանության «առաջին գիծ» պետք է դուրս գան ՌԴ-ի համար վստահելի գործընկերներ, որոնք հավասարը հավասարի պես են հարաբերվում մեր ռազմավարական գործընկերոջ քաղաքական ու իշխանական վերնախավի հետ` անկախ մեր երկրների քաշային կատեգորիաներից: Բերեմ կոնկրետ օրինակ: Գաղտնիք չէ, որ նախագահի նախկին աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը ժամանակին հրաժարական տվեց որոշ տարաձայնությունների պատճառով, և թեպետ այդ մասին չբարձրաձայնեց, սակայն դրդապատճառները բոլորին էլ պարզ էին:

Մնաց թիմի մեջ, միաժամանակ` շարունակելով իր բարեգործական ծրագրերը, չաշխատեց իր թիմի դեմ ու իր մոսկովյան կապերն օգտագործելով` մեր երկրի վրա «տղա չբերեց»: Եվ եթե դառնայինք ԵՄ ասոցիացված անդամ, այդպես էլ նա համբերատար կմնար «երկրորդ գծում»: Բայց հիմա, երբ պատրաստվում ենք Մաքսային միություն մտնել, պարզից էլ պարզ է, որ իշխանական թիմի ներսում հենց նման գործիչները պետք է առանցքային դերակատարություն ստանձնեն: Մինչդեռ, «վտանգը» կանխազգալով, մրցակիցներն` իրենց շահերը սպասարկող լրատվամիջոցներով, արդեն իսկ կատաղի պայքար են սկսել նրանց դեմ:

Նույնը կարելի է ասել Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի դեպքում, ով աշխատում էր մի առանձնահատուկ «դրայվով» և այդ կարճ ժամանակում մի տեսակ թարմություն մտցրեց մեր մայրաքաղաքային կյանքում, բայց տարաձայնությունների պատճառով արժանապատվորեն հրաժարական տվեց ու հեռացավ երկրից:

Գաղտնիք չէ, որ Արևմուտքը մեր տիպի երկրների իշխանություններից դժգոհ լինելու դեպքում` նպաստում է ժողովրդին փողոց հանելուն, իսկ ՌԴ-ն` պալատական հեղաշրջմանը: Ուստի մեր իշխանությունները` անցանկալի զարգացումներից խուսափելու համար, պետք է համապատասխան վերադասավորումներ կատարեն թիմի ներսում: Իհարկե, սրանից չի ենթադրվում արևմտամետ գործիչների համատարած պաշտոնանկություն: Այս փոխկապակցված աշխարհում Մաքսային միություն մտնելով` հո չե՞նք պարփակվելու ու այրենք կամուրջները:

Ընդհակառակը, հարկավոր է անել ամեն ինչ, որպեսզի գոնե անձերի մակարդակով պահպանենք մեր երկրի հանդեպ վստահությունը: Չպետք է մոռանալ, որ սիրիական կոնֆլիկտը դեռ հանգուցալուծված չէ, իսկ կողմերից մեկի թիկունքում ՌԴ-ն ու Իրանն են, մյուսում` ԱՄՆ-ը, մասամբ` ԵՄ-ն ու Թուրքիան: Բացի այդ, Իրանի նորընտիր նախագահն արտաքին քաղաքական հարցերում «և-և»-ի մի այնպիսի փունջ է շրջանառության մեջ դրել, որ հազիվ թե նրան հաջողվի այդչափ համատեղել անհամատեղելին: Ուստի հետագա զարգացումներն անխուսափելիորեն հանգեցնելու են տարածաշրջանային վերադասավորումների:

Դժվար չէ ենթադրել, որ ԱՄՆ առաջիկա նախագահական ընտրություններում հաղթանակ կտանի հանրապետական թեկնածուն, որն ավելի ագրեսիվ արտաքին քաղաքականություն է վարելու, որպեսզի կարողանա հետ բերել Օբամայի պաշտոնավարման տարիներին կորցրած բնագծերը: Ու եթե ֆորս-մաժորային զարգացումներ տեղի չունենան` այս ամենի հանգուցալուծումը մեզ համար կլինի 2017թ. խորհրդարանական ընտրությունները: Հարկավոր է հաշվի առնել, որ Արևմուտքը` մեր իշխանություններին վստահելի գործընկեր չդիտարկելու պարագայում, ցանկանալու է ընդդիմադիր դաշտում այլընտրանք հանդիսանալու ունակ ու կազմակերպված թիմ տեսնել:

Այս ամենին գումարվելու է նաև այն, որ ՌԴ-ն ամեն ջանք գործադրելու է` պատժելու համար հետխորհրդային մեր գործընկեր 3 պետություններին, որոնք այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում ԵՄ-ի հետ ասոցիացման փաստաթուղթ կստորագրեն, իսկ Արևմուտքն էլ խոստանում է արժանի հակահարված տալ այդ ճնշումներին:

Եվ այս համալիր զարգացումների արդյունքում ենք համոզվելու, թե ճի՞շտ ենք վարվում արդյոք, որ գնում ենք Մաքսային միություն: Իսկ սխալի կեսից հետ դառնալու համար մեզ արժեհամակարգային ու գաղափարական հզոր ընդդիմություն է հարկավոր, որը պետք է ձևավորվելու նշաններ ցույց տա վիլնյուսյան գագաթաժողովից առաջ:

Չանեն դա ընդդիմադիրներն այսօր, դրանով իսկ զրկելով երկիրը մանևրելու հնարավորությունից, դա կանեն իշխանությունները վաղը` ստեղծելով արևմտամետ ուժերի ազդեցիկ թիմ, որն էլ առաջիկայում իշխանությունների դեմ այլընտրանքի իմիտացիա կապահովի, քանի որ մեզ համար այնքան վտանգավոր չէ Մաքսային միություն մտնելը, որքան այն, որ կոշտ արտաքին քաղաքականություն վարող պաշտոնական Կրեմլին պարզ դառնա, որ մենք գնալու տեղ այլևս չունենք:
ԷԴՎԱՐԴ ԱՆՏԻՆՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս