Վրաստանում «թալիբների ջիհադի» գործով որոշել են կալանքի տակ առնել Ղրղզստանի քաղաքացուն
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի ՆԳՆ-ը բացահայտել է այն սխեման, որով համացանցում է հայտնվել Աֆղանստանում ծառայող վրացի զինծառայողներին, ինչպես նաև նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին հասցեագրված սպառնալիքներով տեսանյութը:
Վրաստանի ՆԳՆ-ի տվյալներով՝ այդ տեսանյութը համացանցում է տեղադրվել Աբխազիայից՝ Մալայզիայի սերվերի միջոցով: ՆԳՆի՝ հասարակական կապերի դեպարտամենտի ղեկավար Նինո Գիորգոբիանին հայտարարել է, որ հանցագործությունն իրականացվել է վրացական բջջային օպերատորի մոդեմի օգտագործմամբ:
Վրաստանի ՆԳՆ-ն այդ հանցանքը գործելու մեջ կասկածում է Ղրղզստանի քաղաքացի Սամար Չոկուտաևին: 1989 թվականին ծնված Չոկուտաևն աշխատում է բջջային կապի սուխումյան ընկերություններից մեկում: Գիորգոբիանիի խոսքերով՝ հետաքննությունն իրականացվում է քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 1-ին կետով:
Նա հավելել է, որ Թբիլիսիի քաղաքային դատարանը հեռակա կարգով որոշել է նախնական կալանքի տակ առնել Չոկուտաևին: Ներկայումս նրան փնտրում են թե՛ Վրաստանի սահմաններում, թե՛ նրանցից դուրս: