Թալիբանը ջիհադ է հայտարարել Աֆղանստանում «վրացի խաչակիրների» դեմ (տեսանյութ)

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ համացանցում հայտնվել է մի տեսաուղերձ, որում սպառնալիքներ են հնչում Աֆղանստանում գտնվող վրացի զինծառայողների հասցեին: Ուղերձի հեղինակները հայտարարել են, որ օտար խաղաղապահ կոնտինգենտի կազմում գտնվող վրացի բոլոր զինվորները սպանվելու են:

Վրաստանի իշխանությունները ներկայումս գնահատում են այդ սպառնալիքների հավաստիության աստիճանը: Taliban jihad against georgian troops in Afghanistan (Թալիբանի ջիհադն ընդդեմ Աֆղանստանում վրացական զորքերի) խորագրով տեսանյութը YouTube-ում տեղադրվել է հունիսի 5-ին:

Դրանում անգլերենով հաղորդվել է. «Այսօր իսլամի թշնամիները նորից եկել են մեր երկիր, և նրանց մեջ կան Վրաստանից նոր խաչակիրներ: Մենք նրանց դեմ ջիհադ ենք վարում, և նրանք կմահանան տանջալից մահով»:

Ուղերձի հեղինակները սպառնացել են «յուրաքանչյուր վրացի խաչակիրի ուղարկել դժոխք, ապա գալ Վրաստան և վրեժխնդիր լինել: Մենք գիտենք ձեր հասցեները, մենք գիտենք ձեր հարազատներին, մենք կպատժենք ձեզ»: Սպառնալիքներն ուղեկցվել են վրացի զինծառայողների լուսանկարների ցուցադրմամբ:

Հիշեցնենք, որ երեկ Աֆղանստանում զոհվել է 7 և վիրավորվել է 9 վրացի զինծառայող, ինչի կապակցությամբ այսօր Վրաստանում սուգ է հայտարարվել: Վրաստանն Աֆղանստանում ISAF-ի խաղաղապահ առաքելությանը մասնակցում է 2009 թվականի օգոստոսից: Ներկա դրությամբ Աֆղանստանում գտնվում է 1545 վրացի զինծառայող: Աֆղանստանում ցայժմ զոհվել է 29 վրացի զինծառայող:

Տեսանյութեր

Լրահոս