
Թուրքիայի խորհրդարանի հաստատմանն է ներկայացվել Սիրիայի վերաբերյալ կառավարության օրինագիծը

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի կառավարությունը խորհրդարանի հաստատմանն է ներկայացրել Սիրիայի վերաբերյալ օրինագիծը, որը կառավարությանը տալիս է անհրաժեշտության դեպքում Սիրիայի դեմ անդրսահմանային գործողություն իրականացնելու իրավունք: Նախորդ տարվա նման էլ կառավարությունը խնդրել է մեկ տարով երկարաձգել այն:
Օրինագծում նշված է, որ Սիրիական հակամարտության (սիրիական ծագմամբ հարձակումների) հետևանքով ցայժմ զոհվել է Թուրքիայի 71 քաղաքացի: Բացի այդ, նշվում է, որ այդ հակամարտության հետևանքով Թուրքիայի տարածքում ապաստան է գտել 500.000 սիրիացի փախստական, իսկ Սիրիայում ներքին տեղահանվածների քանակը հասնում է 5 միլիոնի:
Բացի այդ, խոսք է գնում այս տարվա օգոստոսի 21-ին Դամասկոսի մոտ Սիրիայի վարչակարգի կողմից քիմիական զենք կիրառելու և դրա հետևանքով Սիրիայի 1400 քաղաքացու զոհվելու մասին: Դա որակված է որպես հակաիրավական քայլ և Թուրքիայի ազգային անվտանգության համար սպառնալիք:
Թուրքիան որակված է որպես Սիրիայում տիրող անկայունությունից ու քաոսից ամենաշատ ազդեցության ենթարկվող երկիր: