Բարձրաստիճան անձանց երաշխավորագիրը կօգնի՞ հացադուլ և ջրադուլ հայտարարած ամբաստանյալին
Խուլիգանության և ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու մեջ մեղադրվող «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր, Քեմբրիջի շրջանավարտ Արամ Մուղալյանը, ով անժամկետ հացադուլ մեջ է, դիմել է ծայրահեղ քայլի և երեկվանից նաև ջրադուլ է հայտարարել:
Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արամ Մուղալյանի փաստաբան Վահե Գաբրիելյանը:
Հիշեցնենք, որ Արամ Մուղալյանը և նրա 3 ընկերները ձերբակալվել են ապրիլի 21-ին: Նրանք մեղադրվում են Նորապատ գյուղում 4 դրվագով խուլիգանություն կատարելու և ազգությամբ եզդի Սիաբանդ Խուդոյանին պատկանող խոտի դեզն այրելու փորձի մեջ:
Նշենք, որ դատարանը նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու մասին բազմաթիվ միջնորդություններ մերժել է: Ա. Մուղալյանի փաստաբանը նշեց նաև, որ հիմքեր չկան իր պաշտպանյալին կալանքի տակ պահելու և որ «երաշխավորագիր է ստացվել, բարձրաստիճան անձանց ստորագրությամբ և եթե օրինական ձևով քննվի ապա միջնորդությունը կբավարարվի»: