Ջրամատակարարման ծրագիրը Գյումրիում շարունակվելու է մինչև 2016 թվականը
Տարիներ շարունակ գյումրեցիները կանգնում են նույն խնդրի առջև, այն է՝ մաշված ջրագծեր և կիսաքանդ ու անանցանելի փողոցներ: Քաղաքի տարբեր հատվածներում կատարվող փորումները որոշակի աշխատանքներ իրականացնելուց հետո չեն վերականգնվում, այլ մնում են նույն վիճակում՝ անանցանելի դարձնելով ճանապարհները և՛ մեքենաների, և՛ հետիոտնի համար: Բնակիչների կողմից մշտապես բողոքներ են գրանցվել, սակայն տվյալ խնդրի լուծման մասին քննարկումներ մինչ օրս չեն եղել:
Գերմանական KfW բանկի կողմից վերցրված վարկի միջոցով քաղաքում նախատեսվում է վերանորոգել ողջ ջրամատակարարման համակարգը: Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի խոսքով՝ սկզբնապես որոշվել էր, որ համակարգային փոփոխությունները պիտի լինեին 60 տոկոսով, սակայն որոշակի բանակցություններից հետո 60 տոկոսը դարձել է 100: Ըստ այդմ, Գյումրիի ջրամատակարարման համակարգը հիմնովին փոփոխվելու է՝ քաղաքին ապահովելով շուրջօրյա ջրով: Սակայն, մինչ հիմնարար փոփոխությունները, քաղաքացիները դեռ երկար են տառապելու կիսաքանդ և անանցանելի փողոցների պատճառով: Այս խնդիրը Գյումրիի ավագանիների նիստին բարձրացրեց նաև Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հ/կ տնօրեն Լևոն Բարսեղյանը, ով իր խոսքում նաև որոշակի հնարավոր ուղիներ մատնանշեց տվյալ խնդիրն առավել արդյունավետ կերպով լուծելու համար:
«Մի քանի տարի շարունակ մենք բողոքներ ենք ստանում: Կարծում եմ, որ առանց քաղաքապետի թույլտվության՝ որևէ փողոց չպետք է քանդվի: Բայց առաջարկում եմ հետագայում փորձել մտածել հետևյալ մեթոդի վրա. Եթե մեկը հայտ է ներկայացնում որևէ փողոց կամ բակ քանդելու համար, դրա վերականգնելու դեպոզիտային գումարը դնի քաղաքապետարանի հաշվին, և շատ կոնկրետ ժամկետներ սահմանվեն դրանք վերականգնելու համար, ենթադրենք՝ մեկ շաբաթ, եթե մեկ շաբաթ հետո փորողը չի վերականգնում իրավիճակը, քաղաքապետարանը դեպոզիտային գումարով վերականգնում է փողոցը: Այսպես չի լինի, առավոտից երեկո բողոքներ ենք ստանում»,- նշեց Լ. Բարսեղյանը: Քաղաքապետն անդրադառնալով տվյալ խնդրին՝ ընդունեց այն փաստը, որ քաղաքի փողոցները, տարբեր նպատակներով փորելու և չվերականգնելու պատճառով, գտնվում են վատթար վիճակում, սակայն հավելեց, որ քաղաքացիներին հարկավոր է համբերություն դրսևորել, քանի որ նշյալ փորումներն իրականացվում են քաղաքի ջրամատակարարման համակարգը հիմնովին վերականգնելու համար: Քաղաքապետն իր խոսքում նշեց.
«Ջրամատակարարման հետ կապված ծրագիրը շարունակվելու է մինչ 2016 թվականը: Ես մի քանի անգամ, նույնիսկ եթերից ժողովրդին ասել եմ՝ համբերատար եղեք: Ճիշտ է, հիմա էլ եղանակներն անձրևային են: Ընդունում եմ, բայց ես կարևորում եմ, որ քաղաքն անպայման ջրագիծ պիտի ունենա: Գյումրի քաղաքը երբեք չի ունեցել նորմալ, շուրջօրյա ջրամատակարարում: Էնպիսի խողովակներ են բերում-ցույց տալիս, որ եթե տեսնեք, կհամբերեք և այս ցեխը, և այս վիճակը: Մենք այս տարի հասանք մեր նպատակին, այն է՝ ծրագրով նախատեսված 60 տոկոս ջրամատակարարումը դարձնենք 100 տոկոսանոց ջրամատակարարում: 73 մլն եվրո գումար, այսպիսի հաջողություն մենք չենք ունեցել: Մեր բնակիչներին համբերություն է պետք»:
Լևոն Բարսեղյանը հավելեց, որ 73 մլն-ը նվեր չէ գերմանացիների կողմից, այլ վարկային ծրագիր է, վարկ են տվել՝ վերջինս հետագայում մարելու համար: «Խոսքն այն մասին է, որ այս ամենը պիտի լինի կանոնակարգված, այնպես, որ քաղաքացին նվազագույն վնաս կրի դրանից: Չեմ պատկերացնում, որ Գերմանիայում նույն բանկի ֆինանսավորմամբ ջրաշինարարը փողոցներն ամիսներով քանդած թողնի՝ հեղափոխություն կանեն»,- նշեց Լ. Բարսեղյանը:
Գյումրի