Հայաստանի և Եվրամիության միջև հնարավոր ֆիզիկական սահմանը հայ-թուրքականն է
Այսօր ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում ելույթ է ունեցել նաև ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ԲՀԿ-ի ներկյացուցիչ Վահե Հովհաննիսյանը: Նա իր ելույթում մասնավորապես ասել է.
«Հայաստանի և Եվրամիության միջև ավելի քանի երեք տարի տարվող բանակցությունները վերջերս ձախողվեցին: Հայաստանյան իշխանությունները հայտարարեցին Մաքսային միությանը միանալու՝ իրենց ցանկության մասին: Այս որոշումը դարձրեց շատ դժվար, եթե ոչ՝ անհնար, Հայաստանի և Եվրամիության միջև Ասոցիացման համաձայնագրի ստորագրումը: Սա չի կարելի անվանել լավ կամ վատ: Սա պարզապես իրականությունն է:
Ես կուզեի բոլորի ուշադրությունը հրավիրել խնդրի արմատների վրա:
Թույլ տվեք սկսել՝ արձանագրելով․ Հայաստանը պետք է շարունակի իր համագործակցությունը եվրոպական կառույցների հետ: Սակայն մեզ անհրաժեշտ է նոր օրակարգ: Այնպիսի մի օրակարգ, որը բաց և ընդունելի կլինի հասարակության համար: Ես ի նկատի ունեմ հատկապես հասարակության այն հատվածը, որը հանդիսանում է եվրոպական ժողովրդավարական արժեքների իրական կրողը, և որի կարծիքն այնքան հաճախ անտեսվել է եվրոպական կառույցների կողմից:
Բավականին հաճախ ես տպավորություն եմ ունեցել, որ Եվրամիությունը նպատակ էր դրել բանակցել այսբերգի երևացող մասի հետ՝ պատրաստակամորեն փոխզիջման գալով դրա անտեսանելի հատվածի շուրջ:
Շատ հաճախ եղել են իրավիճակներ, երբ եվրոպական կառույցները շոշափելի զիջումների են գնացել, կարող եմ անգամ ասել՝ աչք են փակել որոշ արմատական հարցերի վրա, ինչպիսիք են արդար ընտրությունները և մարդու իրավունքները: Հավանաբար դա արվում էր հանուն հարթ բանակցային պրոցեսի:
Բոլորն արդեն հոգնել են եվրոպացի դիտորդների սիրելի արտահայտությունը լսելուց՝ թե այս ընտրությունները մեկ քայլ առաջ էին: Հասարակությունը և քաղաքական կուսակցությունները շարունակաբար կորցնում էին վստահությունը եվրակառույցների հանդեպ ամեն անգամ, երբ այս արտահայտությունը հնչում էր հերթական խնդրահարույց ընտրական պրոցեսից հետո:
Իմ երկիրը և եվրոպական կառույցները շարունակելու են միասին աշխատել: Սա փոխադարձ շահերի խնդիր է: Բայց իրոք կարևոր է, որ համատեղ աշխատանքի, բանակցությունների և երկխոսության նոր էջն ունենա նոր օրակարգ, որտեղ առաջին՝ ամենախիստ կետը կլինի մարդու իրավունքների խնդիրը: Մենք պետք է հիշենք, որ մարդու հիմնարար իրավունքները չեն կարող փոխզիջման առարկա լինել: Ոչ ոք չի տվել նման մանդատ ո՛չ հայաստանյան իշխանություններին, ո՛չ եվրոպացի պաշտոնյաներին: Ելման կետը պետք է միշտ լինի մտքի և արտահայտման ազատությունը, որն այնուհետև դրսևորվում է ազատ ընտրությամբ: Գաղափարներից գանք նյութական հարցերին: Հայաստանի և Եվրամիության միջև հնարավոր ֆիզիկական սահմանը հայ-թուրքականն է: Բոլորս գիտենք, որ այն դեռևս փակ է:
Արդյո՞ք այս հարցը երբևէ լրջորեն քննարկվել է Ասոցիացման համաձայնագրի շուրջ տարվող բանակցությունների ընթացքում: Կարո՞ղ էինք մենք երբևէ խթանել Հայաստան-ԵՄ տնտեսական համագործակցությունը՝ առանց ունենալու իրական ցամաքային կապ, գործող երկաթուղի: Արդյո՞ք փակ սահմանները դեմ չեն եվրոպական արժեքներին:
Այս օրերին լարված իրավիճակ է հայաստանյան քաղաքական դաշտում: Մենք պետք է որոշենք՝ ինչ անել սրանից հետո: Բայց ինչպիսին էլ լինի որոշումը, Հայաստանը պետք է շարունակի հարաբերություններ կառուցել Եվրամիության, եվրոպական կառույցների հետ: Քաղաքական ուժը, որ ես եմ ներկայացնում, հասկանում է դրա կարևորությունը և ձգտում է խորացնել համագործակցությունը: Բայց մեզ անհրաժեշտ է բանակցային նոր օրակարգ՝ նոր, իրական խնդիրների ներառմամբ: Դա է ճանապարհը, որ թույլ կտա վերականգնել փոխադարձ վստահությունը»: