
Իրաքի մզկիթներից մեկում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն. կա 40 զոհ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքի շիական մզկիթներից մեկում պայթյուն է գրանցվել, ինչի հետևանքով զոհվել է 40 մարդ: Իրաքյան մի շարք ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ահաբեկչությունն իրականացրվել է Էլ-Մուսայիբ քաղաքում, որը գտնվում է մայրաքաղաք Բաղդադից 60 կիլոմետր դեպի հարավ:
Բացի այդ, պայթյունի հետևանքով վիրավորվել է մոտ 50 մարդ: Մահապարտ-ահաբեկիչն իրեն պայթեցրել է մզկիթում, երբ իրաքցիները հավաքվել են այնտեղ՝ աղոթելու համար դրանից օրեր առաջ իրականացված ահաբեկչությունների զոհերի համար:
Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ մասամբ փլուզվել է մզկիթի առաստաղը: Բեկորների տակ հայտնվել են բազում մարդիկ: Չի բացառվում, որ զոհերի ու տուժածների քանակը կարող է աճել: Ահաբեկչական որևէ խմբավորում առայժմ չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը: