Գյումրիում գովազդային ցուցանակները կլինեն հայերեն լեզվով
Փողոցներով քայլելիս հաճախ ենք հանդիպում օտարալեզու ցուցանակների և՛ Երևանում, և՛ Գյումրիում: Թեև Հայաստանի Հանրապետության «Լեզվի մասին» օրենքով նախատեսծված է, որ ցուցանակները պետք է նախևառաջ լինեն մայրենի լեզվով, սակայն դրանց քանի՞ տոկոսն է մայրենիով գրված: Գյումրիում եթե նույնիսկ տվյալ օրենքին հետևողներ կան էլ, ապա դրանց թիվը շատ փոքր է: Այս խնդրի շուրջ քննարկումներ եղան նաև վերջերս Գյումրիում տեղի ունեցած ավագանու նիստի ժամանակ: Խնդիրն այդպես էլ կմնար անտեսված, եթե վերջապես չգտնվեին բարձրաձայնողներ:
Ավագանու նիստի ժամանակ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հ/կ խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն իր խոսքում նշեց. «Հայաստանի Հանրապետության «Լեզվի մասին» օրենքով նախատեսված է, որ ցուցանակները՝ բիզնես կլինի, հյուրանոց կլինի, ռեստորան կլինի, նախևառաջ պիտի լինեն մայրենի լեզվով: Օտար լեզուներով կարող է լինել, իհարկե, եթե կա մայրենի լեզվով հիշատակում: Ես հասկանում եմ, որ գործարարները միանգամից չեն կարող էդ ծախսերն անել, ովքեր ռուսերենով կամ անգլերենով են արել այդ ցուցանակները: Միգուցե ժամանակ տանք, թեկուզ մեկ տարի, մարդիկ այդ ցուցանակները համապատասխանեցնեն «Լեզվի մասին» օրենքի պահանջներին՝ հայերեն, հետո մնացած լեզուներով»:
Հարցին ի պատասխան՝ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի արձագանքն այսպիսին էր. «Թող գովազդի բաժինն աշխատի, լեզվի մասին օրենքը գիտեք, ինչպես Երևանում հիմա հետևողական են, այնպես էլ ամբողջ Հայաստանում, էնպես որ, կարող եք արդեն նախապատրաստել, գրություններ ուղարկել: Կարող են տարբեր լեզուներով գրել, բայց անպայման է հայերենը, պարտադիր պետք է լինի: Դե, տարիներ շարունակ էստեղ բարձիթողի վիճակ է եղել, հիմա միանգամից էդ ամեն ինչը շտկել ուղղակի հնարավոր չէ: Ինչ որ հնարավոր է շտկել, կանենք»:
Հիշեցնենք նաև, որ «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները պարտավոր են ցուցանակները, ձևաթղթերը, դրոշմանիշները, նամականիշները, կնիքները, միջազգային փոստային ծրարները ձևավորել հայերեն՝ անհրաժեշտության դեպքում զուգակցելով այլ լեզուներով:
Գյումրի