«Երկրաշարժ, որ ցնցեց մեդիան» ցուցահանդեսը՝ Գյումրիում (լուսանկարներ)

Սեպտեմբերի 26-ին Գյումրիի «Սթիլ» կերպարվեստի թանգարանում տեղի ունեցավ «Երկրաշարժ, որ ցնցեց մեդիան» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը:

Լինելով նախատեսված շրջիկ ցուցահանդեսներից առաջինը՝ այն կազմակերպվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի  ««Լրատուն» մեդիա թանգարան» նախագծի շրջանակներում: ««Լրատունը» կոչված է ներկայացնելու Հայաստանի վերջին 25 տարիների ընթացքում տեղի ունեցած կարևոր իրադարձությունների լուսաբանման պատմությունը: «Լրատան» հայեցակարգը՝ որպես այդպիսին, հիմնված է մուլտիմեդիա սկզբունքի վրա, ժամանակակից ինտերակտիվ տեխնոլոգիաների օգնությամբ: «Երկրաշարժ, որ ցնցեց մեդիան» խորագրով ցուցահանդեսը նվիրված է 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի լուսաբանմանը՝ ժամանակի լրատվամիջոցների, լուսանկարիչների, հեռուստատեսային և կինովավերագրողների կողմից:

Gyumri (6)

Gyumri (5)

Gyumri (8)

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանի խոսքով՝ այս ցուցահանդեսը «Լրատուն» մեծ գաղափարի սկիզբն է և նպատակ ունի նպաստել լայն հանրության մեդիակրթությանը: «Շատերը խոսում են նրա մասին, որ այն էքսպոնատը չկա: Շատ բան չկա, որովհետև սա իսկապես ընդամենը առաջին քայլն է, և այս ցուցահանդեսը, որն ինտերակտիվ է, նրա համար է, որպեսզի մենք առաջին հերթին՝ կարողանանք մոդելը ստեղծել այն ցուցահանդեսի, որը, մեր կարծիքով, մի քիչ նոր է մեր հասարակության համար և փորձում է մարդկանց հրավիրել մեդիան հասկանալու:  Երկրորդ նպատակն այն է, որպեսզի մենք ցույց տանք  մեզ համար շատ կարևոր, շատ դեպքերում՝ շատ ողբերգական, շատ դրամատիկ իրադարձությունները, և այդ իրադարձություններից մեկը Սպիտակի երկրաշարժն էր 88 թվականին: Մենք Արտուշ Մկրտչյանի հետ խոսում էինք, և նա մեզ տրամադրեց այս տարածքը, մեզ ասաց՝ ինչի՞ եք մարդկանց տխրեցնում, հերիք չի՞, որ իրենք տխրեն:

Gyumri (7)

Gyumri (9)

Gyumri (4)

Gyumri (2)

Ուզում եմ ներողություն խնդրել, եթե մենք տխրեցնում ենք, բայց հույս ունեմ, որ իրականում այդ ամեն ինչն ավելի ուշադրություն կբերի, ուրիշ մտածողություն, ուրիշ մոտեցում այդ ամեն ինչին: Այն, ինչ դուք տեսնում եք, շատ փոքր մասն է, որովհետև ցուցահանդեսը  մուլտիմեդիա է, և հիմնականում համակարգիչների մեջ է, այդ իմաստով՝ ինքը շատ նոր է և, իհարկե, պարտադրում է, որպեսզի ժամանակ անցկացնեք ամեն համակարգչի մոտ, որպեսզի կարողանաք ամբողջն ընկալել»,- նշեց Նունե Սարգսյանը:
«Լրատուն» նախագծի ղեկավար Վահրամ Մարտիրոսյանի խոսքով՝ ցուցահանդեսի տաղավարները ներկայացնում են հայկական և սովետական, ռուսալեզու մամուլի անդրադարձը երկրաշարժին, լինեն դրանք հրապարակումներ, թերթերի առաջին էջեր, լուսանկարներ, ռեպորտաժներ, վավերագրական ֆիլմեր, թե չլուսաբանված արխիվային նյութեր:

«Այս երկրաշարժն իր նմանը չի ունեցել այն օգնության մասշտաբներով, ինչ օգնություն որ եղել է: Դա պայմանավորված է մի շարք հանգամանքներով, որ Սովետական Միությունը բացվեց աշխարհի առաջ, երկաթյա վարագույրն ընկավ, և այլն: Ես ուզում եմ ասել, որ հիմնական նյութը, որոնց կարող եք ծանոթանալ, հպէկրանների մեջ է: Հազարավոր հոդվածներ եմ կարդացել, այդ բոլորից ընտրվել են ամենաբնորոշները, դրանք խմբավորվել և ներկայացվել են»,-  նշեց Վահրամ Մարտիրոսյանը:

Gyumri (1)

Gyumri (3)

Նշենք նաև, որ ցուցահանդեսի հպէկրանները ներկայացնում էին հարցազրույցներ անվանի լրագրողների և լուսանկարիչների հետ, ովքեր պատմում են, թե ինչպես են  լուսաբանել աղետն՝ իր ողջ սարսափելի մանրամասներով: Վահրամ Մարտիրոսյանը խորհուրդ տվեց  դիտել հպէկրանների մեջ տեղ գտած այդ հարցազրույցները՝ նշելով, որ եթե լրագրողներն ու գրողները կարող են իրենց էմոցիաներից ազատվել գրելու միջոցով, ապա լուսանկարիչների, օպերատորների դեպքում պատկերն այլ է, վերջիններս, շատ դեպքերում չլինելով հետաքրքիր զրուցակիցներ, էմոցիաները պահում են իրենց մեջ և դժվարությամբ են ազատվում դրանցից: Շնորհակալություն հայտնելով կազմակերպչական խմբի անդամներին՝ Վահրամ Մարտիրոսյանն առանձնակի շնորհակալություն հայտնեց նաև դիզայներներ Մկրտիչ Մաթևոսյանին և Գրիգոր Խաչատրյանին՝ իրենց կատարած մեծածավալ աշխատանքի համար:

Ցուցահանդեսը Գյումրիում է մնալու մեկ շաբաթ, որից հետո ուղևորվելու է Վանաձոր, Մարտունի, Կապան, այնուհետև նաև՝ Երևան:

Ի դեպ, նշենք նաև, որ ցուցահանդեսին ներկա էր «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, ով իր մի շարք ելույթներում շատ է խոսել իր և իր ընտանիքի՝ ավերիչ երկրաշարժին հաջորդող օրերին Գյումրիում գտնվելու և գյումրեցիներին աջակցելու մասին:

Գյումրի

Տեսանյութեր

Լրահոս