Ծննդօգնության պետական հավաստագրի տեղայնացումից հետո մարզերից հղի կանանց հոսքը դեպի Երևան 8-10 %-ով կրճատվել է
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով այս տարվա մայիսի 1-ից մեր երկրում մեկնարկել է ծննդօգնության պետական հավաստագրի տեղայնացման գործընթացը: Այսինքն՝ մարզում բնակվող հղի կինը, որն ունի նորմալ ընթացքով հղիություն, անվճար ծննդաբերելու իրավունք ունի միայն մարզի տարածքի իր նախընտրած բուժհիմնարկում, իսկ ծննդաբերությունը մայրաքաղաքում կազմակերպելու դեպքում պետք է վճարի 107 հազար դրամ: Առողջապահության ոլորտի պատասխանատուների հավաստմամբ, այս քայլի շնորհիվ կապահովվի բժշկական համապատասխան ծառայությունների համար հատկացված պետական միջոցների հասցեականությունը, այսինքն՝ պետբյուջեից մարզին հատկացված գումարները հենց տվյալ մարզում էլ կմնան: Ծննդօգնության պետական հավաստագրի տեղայնացման գործընթացի մեկնարկից մոտ 5 ամիս անց կատարված վերլուծությունը ցույց է տվել, որ մարզերից Երևան եկող հղի կանանց հոսքը 8-10 տոկոսով կրճատվել է:
«Ծննդօգնության պետական հավաստագրի տեղայնացումն արդեն իսկ բերել է որոշակի դրական տեղաշարժեր: Անցած ամիսների փաստացի պատկերը ցույց է տալիս, որ Երևանի ծննդատներում մենք չենք ունեցել ոչ մի վճարովի ծննդաբերության դեպք, այսինքն՝ դա նշանակում է, որ բոլոր այն դեպքերը, որ մարզից կինը եկել և Երևանում ծննդաբերել է, դա եղել է միմիայն բժշկական ցուցումներով»,- մեզ հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության աշխատակազմի Պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանը:
Ըստ նրա, սա նաև քայլ է՝ սահմանափակելու չհիմնավորված ուղեգրումները մարզերից Երևան. «Այսօր նախարարության կողմից տարվող ընդհանուր քաղաքականության ուղղություններից մեկը կայանում է տարածաշրջանային համաչափ զարգացման ծրագիրն իրականացնելու մեջ:
Մենք պետք է հնարավորինս հասնենք նրան, որ մարզային բուժհիմնարկներն ավելի ծանրաբեռնված աշխատեն, այն հիվանդները, որոնք կարող են անհրաժեշտ բուժօգնություն ստանալ մարզային օղակում՝ մնան մարզային օղակում և անտեղի չգան Երևան: Որոշակի արդյունքներ արդեն ունենք, բայց ցանկացած գործընթաց միշտ պետք է վերահսկվի՝ հնարավոր չարաշահումներ թույլ չտալու համար: Սա լրիվ բավարար չէ, որ խնդրի բոլոր կողմերը վերջնական պարզ լինեն, բայց նախնական տվյալներ մենք արդեն ունենք»:
«Եթե կա բժշկական ցուցում, և հղի կինը գտնվում է ռիսկի խմբում, ապա այդ դեպքում նա կարող է ընտրել և ծննդաբերել Երևանի իր նախընտրած ծննդատանը»,- ևս մեկ անգամ հիշեցնում է Առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը: Տիկին Ավագյանի հավաստմամբ՝ Երևանի ծննդատներում չեն մերժի սպասարկել նաև մարզերի այն հղի կանանց, որոնք, ասենք՝ մայրաքաղաքում գտնվելու օրերին գտնվում են ծննդաբերության մեջ, և նրանց անհետաձգելի բուժօգնություն է պետք:
Մեզ հետ զրույցում Գ. Ավագյանը տեղեկացրեց, որ այսօր ծննդօգնություն մատուցող հիվանդանոցներն աշխատում են բնակության վայրի սկզբունքով, այսինքն՝ կարևոր չէ, թե հղի կինն ինչ գրանցում ունի, կարևոր է որտեղ է նա այդ պահին փաստացի բնակվում: Ըստ նրա, այսօր յուրաքանչյուր մարզում կան վերակառուցված և ժամանակակից տեխնիկայով վերազինված բուժհիմնարկներ. «Ցածր ռիսկի խմբի հղիները որոնք, պրակտիկորեն առողջ են, հղիությունն ընթացել է լրիվ նորմալ, նա հետազոտություն և միջամտություն ծննդաբերության ժամանակ չի պահանջում, հետևաբար կարիք չկա, որ այդ հղի կանայք երկար ճանապարհ կտրեն և գան-հասնեն Երևան, նրանք հաջողությամբ կարող են ծննդալուծվել, ըստ բնակության վայրի»:
Գ. Ավագյանի վստահեցմամբ, այս հինգ ամիսների ընթացքում թեժ գծի ահազանգերի ուսումնասիրությունը փաստում է, որ ծրագիրը բնականոն աշխատում է, և նախարարությունը որևէ դժգոհություն չի ստացել որևէ դեպքի հետ կապված:
«Մենք հասկացանք, որ եթե կարիքը կա, և կինը բարձր ռիսկի խմբի հղի է, նրան ուղեգրում են, կարելի է ասել, նրան ստիպում են, որ գնա Երևան՝ երրորդ մակարդակի ծննդատանը ծննդալուծվելու, իսկ ինչ վերաբերում է ցածր ռիսկի խմբում գտնվող առողջ հղիներին, ապա նրանք տեղում ծննդաբերում են, այսինքն՝ և՛ ավելորդ ռիսկեր չկան և՛ ավելորդ միջոցներ չեն ծախսվում: Մենք դրանով նաև օգնում ենք, որ տեղի բժշկական կազմակերպությունների ֆինանսական հոսքերն ավելանան, և նրանք կատարելագործեն բուժօգնության որակը, ձեռք բերեն նոր սարքավորումներ, պայմաններն ավելի բարելավվեն, բարձրացվեն բժիշկների աշխատավարձերը և այլն: Մենք ուզում ենք, որ մարզերում լինեն այնպիսի պայմաններ, ինչպիսին որ Երևանի բուժօգնության հիմնարկներում են: Կինը մեղավոր չէ, որ ինքն ապրում է մարզում, գյուղում: Մենք ունենք հազարամյակի նպատակներ, և այդ նպատակներից մեկը վերաբերում է մայրական առողջությանը:
Մեր երկիրը պետք է ապահովի համընդհանուր բուժօգնության հասանելիություն կանանց համար, և, որպեսզի լինի համընդհանուր հասանելիություն, մատչելիություն և որակ, մենք պետք է, անպայման նպաստենք մարզերի զարգացմանը, ամրագրված կետերից մեկը՝ տեղում այդ կանանց ծննդօգնության կազմակերպումն է»:
Տիկին Ավագյանի տվյալներով` մինչ ծննդօգնության պետական հավաստագրի տեղայնացումը, Երևանի ծննդօգնության հիմնարկներում, ամեն օրվա կտրվածքով, ծնունդների մեկ երրորդը մարզերից էր լինում: Ընդ որում, հոսքը եղել է երևանամերձ չորս մարզերից՝ Կոտայք, Արմավիր, Արագածոտն և Արարատ: Մնացած մարզերից, ինչպես Գ. Ավագյանն է փաստում, որպես կանոն, եկել են միայն ուղեգրված հղի կանայք. «Այսօր դինամիկան ցույց է տալիս, որ 8-10 %-ով կրճատվել է Երևանում անհիմն ծննդաբերությունների թիվը: Մայիս, հունիս, հուլիս ամիսներին մարզերից 302 կին ծննդաբերել է Երևանի ծննդատներում, նրանց մոտ կեսը եկել են ուղեգրումով, մնացածը եղել էին ծննդաբերության գործունեության մեջ, և նրանց իրավունք չունեին մերժել Երևանի ծննդատներում»:
Տիկին Ավագյանի ներկայացմամբ, այս ծրագրի նպատակներից մեկն էլ այն է, որ հղի կինը, որտեղ անցել է իր նախածննդյան հսկողությունը այդ նույն բժիշկների օգնությամբ էլ ծննդալուծվի. «Այսինքն՝ այնտեղ իրեն, իր օրգանիզմն, արդեն շատ լավ ճանաչում են, ծանոթ են իր հղիության առանձնահատկություններին, ընթացքին և այլն»:
«168 ԺԱՄ»