Բաժիններ՝

Ավարտված արձակուրդներ

Զբոսաշրջության ակտիվ շրջանն ավարտվեց: Բայց մեր իշխանությունները չեն շտապում տվյալներ հրապարակել: Ոլորտն, արդեն մի քանի տարի է, մեր կառավարության կողմից գերակա է հայտարարվել: Համարյա Հայաստանի տնտեսության առանձնահատուկ ճյուղ: Բայց ոչ ոքի հայտնի չէ, թե այդ ճյուղը տարեկան ինչ պտուղներ ու քանի ոստ է տալիս: 2000-ականների շեմին իշխանությունները երազում էին տարեկան 150 հազար զբոսաշրջիկի մասին: Ժամանակի հետ ախորժակը փոխվեց: Հիմա տարեկան մոտ կես միլիոն զբոսաշրջիկի այցի մասին են հաշվետվություն գրում:

Մամուլում շատ է խոսվել այն մասին, որ այդ հաշվետվություններ կազմելը տեխնիկապես բարդ խնդիր չէ: Որովհետև ոլորտը գերակա հայտարարելուն զուգահեռ` փոխվեց զբոսաշրջիկների քանակը հաշվելու մեթոդաբանությունը: «Փոփոխված» մեթոդաբանությունը հնարավորություն տվեց որպես զբոսաշրջիկ գրանցել երկքաղաքացիություն ունեցող բոլոր ՀՀ քաղաքացիների` գործնական, ընտանեկան պատճառներով ու արձակուրդային բոլոր այցերը տուն: Կես միլիոն զբոսաշրջիկ «հաշվարկել» հնարավոր եղավ այս մոտեցման շնորհիվ: Այս տարի հնարք որակվելու արժանի նորամուծություն է տեղի ունենալու: Պաշտոնապես Հայաստան այցելած զբոսաշրջիկների ցուցակում կներառվեն պատերազմի պատճառով Հայաստանում ապաստանած սիրիահայերը:

Հիմա մեր վիճակագրությունն ի վիճակի չէ պատասխանելու, թե տարեկան որքան հայ և որքան այլազգի զբոսաշրջիկ է այցելում մեր երկիր: Ավելին` նման հարց ուղղող մարդուն բարդ չէ մեղադրել ազգամիջյան խտրականություն սերմանելու և անգամ ռասիզմ քարոզելու մեջ: Սակայն, եթե հնարավոր չէ պարզել զբոսաշրջիկների ազգությունը, դեռևս հնարավոր է ճշտել, թե որ երկրից են նրանք ժամանում: Վիճակագրության համաձայն, բնականաբար, Հայաստան այցելողների հիմնական քանակը բաժին է ընկնում Ռուսաստանին: Երևանի փողոցներում ու Հայաստանի հանգստավայրերում սլավոնական արտաքին ունեցողների պակասը հուշում է, որ այցելողների ճնշող մեծամասնությունը ՌԴ քաղաքացի հայեր են: Հաջորդ տեղերը զբաղեցնող երկրների ցանկը համադրելի է տվյալ երկրում հայկական համայնքի թվաքանակի հետ: Ակնհայտ է, որ Հայաստան այցելողների գերակշիռ մասը հայեր են: Պատճառը, հավանաբար, այն է, որ ոլորտի զարգացման հստակ հայեցակարգ չկա: 2000-ականների սկզբից, երբ սկսեցին մշակվել առաջին հայեցակարգերը, ոլորտի պատասխանատուները թերագնահատեցին էթնիկ և կրոնական զբոսաշրջություն ասվածները:

Մեր չինովնիկներին թվում էր, թե վայել չէ հազարամյակների պատմություն ունեցող ժողովրդի հայրենիք հրապուրել զբոսաշրջիկների, ովքեր կգան մեր միջնադարյան վանքերն ու գյուղական կենցաղը տեսնելու: Հակառակի պես` անցնող տարիների ընթացքում ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր «Մարդկության ժառանգության» ցանկում ներառեց վեց վանք ու եկեղեցի և Ազատ գետի վերին մասը` իր հանրահայտ ձորով: Ընդամենը: Եվ իսկապես, արտասահմանցի զբոսաշրջիկների հետ աշխատող բոլոր մասնագետները նշում են, որ նրանց հիմնականում մեր վանքերն են հետաքրքրում և գյուղական կենցաղը, ուր հնարավոր է տեսնել պարզ մարդկային ընտանեկան հարաբերություններ, արժանանալ ջերմ վերաբերմունքի:

Ծաղկաձորյան, ու ոչ միայն, ձմեռային-առողջարանային զբոսաշրջության ծրագրերն առայժմ իրենց չեն արդարացնում: Հնարավոր է` նաև այն պատճառով, որ բոլոր եվրոպացիները ձմեռային արձակուրդի համար հարավ չեն գա: Այն համարելով անտրամաբանական: Մշակութային, պատմական զբոսաշրջության զարգացման համար հրապուրիչ լինելու համար մենք բավարար չափով հայտնի չենք աշխարհին: Մեր հարևան Ադրբեջանն արդեն մի քանի տարի սարսափելի մեծ ու ագրեսիվ գովազդ է իրականացնում եվրոպական հեռուստաալիքներով: Թուրքիան ևս: Վրաստանն ու մենք այս ոլորտում ավելի համեստ ենք: Հավանաբար ֆինանսական միջոցների խնդիր է: Եվրոպական հեռուստաալիքներով պտտվող զբոսաշրջային գովազդում ներկայացված են ութ-ինը պատմամշակութային արժեք:

Դրանցից ընդամենը երկու-երեքն աղերս ունեն բուն թուրքական իսլամական մշակույթի հետ: Իսկ երեքը հայկական են կամ աղերսվում են մեր մշակույթի հետ: Խոսքն Աղթամարի եկեղեցու, Նեմրութասարի համալիրի և Կոռնիկոսի ամրոցի մասին է: Իսկ մենք մեր պատմամշակութային կոթողները զբոսաշրջային տեղեկատվության ոլորտ չենք հաջողում մտցնել: Հավանաբար դրա համար ենք ավերում Ծաղկաձորը: Անտառներն ու ձորերն ավերելով` թանկարժեք հյուրանոցներ ենք կառուցում: Ինչն արտասահմանցի զբոսաշրջիկներին ամենևին հետաքրքիր չէ: Ավելին` անմատչելի է` իր բարձր գներով:

Վերջին տարիներին Հայաստանում արձակուրդային ամենատարածված կատակը «Ես այնքան հարուստ չեմ, որ Հայաստանում հանգստանամ» արտահայտությունն է: Արտահայտություն, որ հայաստանցիներս ասում ու հանգստանալու մեկնում ենք Վրաստան կամ Թուրքիա: Այնպես որ, զբոսաշրջության տվյալների հրապարակման ուշացումը երևելի փաստ չէ: Չարժե ոչ տխրել, ոչ էլ ուրախանալ: Դրանից ոչ ոք դաս չի քաղում: Ու ոչ ոք նոր հայեցակարգ չի մշակում: Ճիշտ այնպես, ինչպես տնտեսության մյուս ոլորտներում: Անկախ նրանից` այդ ոլորտները գերակա՞ են հայտարարված, թե՞ ոչ:
«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս