
Բաշար Ասադը չի բացառել, որ ԱՄՆ-ը կարող է Սիրիայի դեմ սկսել ռազմական գործողություններ

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չի բացառել, որ ԱՄՆ-ը կարող է երկրի դեմ սկսել ռազմական գործողություններ անգամ այն բանից հետո, ինչ Սիրիան համաձայնվել է ոչնչացնել քիմիական զենքի իր պաշարները:
Այս մասին Ասադը հայտարարել է իսպանալեզու Telesur հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ: Ասադը մտավախություն է հայտնել, որ Սիրիայում մարտնչող զինյալները կփորձեն արգելափակել վերստին երկիր ժամանած ՄԱԿ-ի տեսուչների մուտքը դեպի սիրիական քիմիական զինանոցի պահպանման օբյեկտներ:
Ասադը հերթական անգամ բարձրաձայնել է Սիրիական հակամարտությանն օտար երկրների ակտիվ միջամտության մասին՝ ընդգծելով, որ մի շարք երկրներ, այդ թվում նաև Սաուդյան Արաբիան զենք են մատակարարում ապստամբներին: