Բաժիններ՝

Թուրքիան պլանավորել է մինչև 2023 թվականը համաժամանակացնել օդա-տիեզերական ոլորտի ռազմական երեք ուղղությունները

Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում աշխատանքներ են իրականացվում մինչև 2023 թվականը (Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակ) օդա-տիեզերական ոլորտի երեք ուղղությունների սինխրոնացման ուղղությամբ:
Խոսքը գնում է ՀՕՊ/ՀՀՊ ազգային հակամարգի ստեղծման, հեռահար գործողությամբ հրթիռների մշակման ու երկրում արհեստական արբանյակների արձակման համար մեկնարկային հարթակ կառուցելու մասին:

Մասնավորապես, Թուրքիան պետք է 2013 թվականի ավարտին որոշում ընդունի Т-LORAMIDS ծրագրի իրագործման մասին: Խոսքը գնում է հեռահար գործունեության ՀՕՊ-ի ու ՀՀՊ-ի ազգային համակարգերի ստեղծման մասին: Т-LORAMIDS համակարգը բաղկացած է լինելու ռադարից, արձակման սարքից ու կանխազարկ հրթիռից:

Ծրագրին մասնակցելու համար ստացվել է 4 հայտ. Raytheon և Lockheed Martin ընկերություններից բաղկացած ամերիկյան կոնսորցիումն առաջարկել է Patriot զենիթա-հրթիռային համալիրներ (ԶՀՀ), ռուսական Рособоронэкспорт ընկերությունը՝ C-300 ԶՀՀ, չինական Machinery Export-Import Corp.-ը՝ HQ-9 ԶՀՀ և ֆրանս-իտալական Eurosam կոնսորցիումը՝ SAMP/T Aster 30 համալիրներ:

Պաշտպանական գնումների ոլորտում առկա աղբյուրների տվյալներով՝ Թուրքիան հակված է ընդունել չինական տարբերակը՝ անգամ հաշվի առնելով այն, որ տվյալ համակարգն անկարելի է ինտեգրել ՆԱՏՕ-ի բլոկի ՀՕՊ/ՀՀՊ համակարգում:

Միևնույն ժամանակ չինական առաջարկը գոհացուցիչ է տեխնոլոգիական պլանում, նախատեսում է տեխնոլոգիաների հանձնում և գնային հարցում ավելի էժան է՝ համեմատած մրցակիցների առաջարկած տարբերակների հետ: Չինական տարբերակի ընտրության մասին որոշումը սպասում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի ու Պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազի կողմից վերջնականապես հաստատվելուն:

Միևնույն ժամանակ Թուրքիան նաև աշխատում է հրթիռա-տիեզերական այլ ծրագրի ուղղությամբ, որը հավասարապես կարող է զայրույթ հարուցել ՆԱՏՕ-ի գծով նրա գործընկերների հետ: 2011 թվականին Թուրքիան հայտարարել է առավելագույնը 2500 կիլոմետր հեռահարությամբ հրթիռներ մշակելու իր պլանների մասին՝ չմանրամասնելով, սակայն այն, թե խոսքը գնում է բալիստի՞կ, թե՞ թևավոր հրթիռների մասին:

2013 թվականի հունվարին հաստատվեց, որ Թուրքիան օժտված է 800 կիլոմետր հեռահարություն ունեցող հրթիռներ ստեղծելու հնարավորությամբ: Հրթիռի մշակման հարցով պայմանագիր ստորագրվեց TÜBİTAK-Sage-ի հետ, որը հանդիսանում է TÜBİTAK գիտահետազոտական պետական ինստիտուտի մասնաճյուղը: Ընդ որում, պլանավորված է հրթիռների նախատիպերը փորձարկել առաջիկա երկու տարվա ընթացքում:

Թուրքիայի տիեզերական ճարտարապետության երրորդ բաղադրատարրը դարձավ այս տարվա հուլիսին արբանյակների արձակման առաջին կենտրոնի կառուցման մասին որոշումը, ինչը բխում է Թուրքիայի արբանյակային ծրագրի շահերից:

Պաշտպանական արդյունաբերության քարտուղարությունը (SSM) պայմանագիր ստորագրեց ազգային հրթիռներ արտադրող Roketsan ընկերության հետ՝ կապված արբանյակների արձակման թուրքական համակարգի (UFS) մշակման շուրջ նախնական կոնցեպտուալ նախագծային աշխատանքներ իրականացնելու հետ:

Պայմանագրի համաձայն, Roketsan-ը նախագծելու է UFS-ը, որը սկզբնական փուլում օժտված կլինի ցածր, մերձերկրյա ուղեծիր (500-700 կիլոմետր) արբանյակներ արձակելու հնարավորությամբ: Ընկերությունը նաև կառուցելու է համակարգի մեկնարկային հարթակ, որը գտնվելու է Թուրքիայի ռազմաօդային ուժերի ղեկավարման ներքո:

Միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ի գծով Թուրքիայի դաշնակիցները մտավախություն ունեն, որ Թուրքիան կարող է իր արբանյակային արձակման համակարգը ապագայում օգտագործել որպես մեկնարկային հարթակ՝ պլանավորած հրթիռների համար, որոնց հեռահարությունը կազմելու է 2500 կիլոմետր: Արբանյակների արձակման հարցում Թուրքիան ներկայումս կախված է այլ երկրներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս