Ամերիկյան Մերիլենդ նահանգի նահանգապետն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի անկախությանը

Հայաստանի անկախության 22-րդ ամյակի կապակցությամբ հռչակագիր է ընդունել ԱՄՆ Մերիլենդ նահանգի նահանգապետ Մարթին Օ’Մալեյնը, որում վերջինս, իր ջերմ բարեմաղթանքները հղելով Հայաստանին եւ հայ ժողովրդին, անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղին, այնտեղ գործարկվող ազատության և ժողովրդավարության սկզբունքներին: Այս մասին գրում է  karabakh-open.info-ն:

Հռչակագրում նահանգապետը, մասնավորապես, բարձր է գնահատել Լեռնային Ղարաբաղի երիտասարդ ժողովրդավարությունը և այն երկարատև և ամուր կապերը, որ այն, ի թիվս ողջ հայ ժողովրդի, ունի Միացյալ Նահանգների հետ:

Փաստաթղթում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և Միացյալ Նահանգների հետ միասին կիսում է նույն արժեքներն ու ազատության, ժողովրդավարության, ինքնորոշման եւ մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները:

Այդ համատեքստում, նահանգապետը նշում է նաեւ, որ Մերիլենդը խրախուսում է այդ արժեքները եւ իր օժանդակությունն է հայտնում այն ժողովուրդներին, որոնք ազատությունն ու ժողովրդավարությունն են ընտրում որպես զարգացման ուղի:

Հիշեցնենք, որ դեռեւս ամիսներ առաջ ԱՄՆ Մերիլենդ նահանգը, հետևելով Մասաչուսեթսի և  ամերիկյան 4 այլ նահանգների օրինակին, Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման եւ ժողովրդավարության աջակցության վերաբերյալ բանաձեւը մտցրեց նահանգի օրենսդիր մարմնի օրակարգ:

Տեսանյութեր

Լրահոս