
Ռուսաստանը Բուշեհրի ատոմակայանի շահագործումը հանձնել է Իրանին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը Բուշեհրի ատոմակայանի շահագործումն այսօր հանձնել է Իրանին: Այս մասին հայտարարել է «Ռոսատոմի» պաշտոնական ներկայացուցիչը:
Ավելի վաղ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտարարել էր, որ ատոմակայանի շահագործման երաշխավորման ժամկետը երկարաձգվելու է երկու տարով, որի ընթացքում ատոմակայանում աշխատելու են ռուս մասնագետները:
Բուշեհրի ատոմակայանի կառուցումը մեկնարկել է 1974 թվականին՝ գերմանական Kraftwerk Union AG (Siemens/KWU) կոնցեռնի կողմից: 1992 թվականի օգոստոսին Ռուսաստանի ու Իրանի կառավարությունների միջև ստորագրվել է ատոմակայանի կառուցման համաձայնագիրը: Ատոմակայանի ֆիզիկական գործարկումը սկսվել է 2010 թվականի օգոստոսին: