Հիմա ի՞նչն է արդարացի, որ… (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով 3 մեղադրյալներին մեղավոր ճանաչեց: Դատավոր Գագիկ Պողոսյանը Վարդան Սեդրակյանին դատապարտեց 14, Խաչատուր Պողոսյանին՝ 14, Սամվել Հարությունյանին՝ 12 տարվա ազատազրկման: Ըստ վճռի՝ երեք ամբաստանմյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը մնաց անփոփոխ՝ մինչև դատավճռի՝ օրինական ուժի մեջ մտնելը:

Գործով իրեղեն ապացույց ճանաչված «Նագան» տեսակի ատրճանակը թողնվեց ՀՀ ոստիկանության փորձագիտական վարչության տնօրինմանը: Գագիկ Պողոսյանը վճռեց Պարույր Հայրիկյանի՝ ընդդեմ Վարդան Սեդրակյանի, Խաչատուր Պողոսյանի և Սամվել Հարությունյանի գումարի բռնագանձման պահանջի մասին հայցը թողնել առանց քննության, Վարդան Սեդրակյանի գույքի նկատմամաբ դրված կալանքը թողնել անփոփոխ:

Վճռի հրապարակումից հետո Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանն ասաց, որ բողոքարկելու է առաջին ատյանի դատարանի վճիռը: Լրագրողների հարցին՝ արդյոք Հայաստանի դատարաններից արդար վճռի սպասելի՞ք ունեն, Սիրունյանը պատասխանեց. «Ունենք: Կենտրոնի դատարանում կյանքը չի վերջանում»:

Ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի կինը՝ Նոնա Հակոբյանը, ևս ասաց, որ բողոքարկելու են դատարանի կայացրած վճիռը: 168.am-ի հարցին՝ արդյոք իր համար սպասելի՞ էր դատարանի նման վճիռը, Նոնա Հակոբյանը պատասխանեց. «Նման անխիղճ դատավճիռ՝ ոչ: Ինձ թվում է՝ արժանի էր ավելի մեղմ պատժի»:

Խաչատուր Հակոբյանի կինն ասաց, որ իր կարծիքով՝ քաղաքական նպատակ չի եղել. «Հիմա ի՞նչն է արդարացի, որ… Ամեն դեպքում ես չեմ կարող ասել, բայց քաղաքական չի եղել, որովհետև Խաչիկը ոչ մի կապ չուներ քաղաքականության հետ»: Խաչատուր Պողոսյանի կնոջ մայրը՝ Կարինե Էլչակյանը, ով գործով վկա է, իր հերթին ասաց, թե «սա շատ խառը գործ է». «Այստեղ ոչ մի բան չի բացահայտվել: Սկի գործի 1 տոկոսը չի բացահայտվել»,- ասաց նա:

Նշենք նաև, որ վճռի հրապարակմանը ներկա չէր գործով տուժող Պարույր Հայրիկյանը:

Տեսանյութեր

Լրահոս