Բաժիններ՝

Պուտինը Հայաստանի օրինակով Օբամային ապացուցեց, որ ուժն իսկապես կարող է ծնել իրավունք. The Washington Post

Ամերիկյան The Washington Post թերթում հրապարակվել է Էնն Էփլբաումի «Ռուսաստանը դեռ կատարելագործում է կոշտ ուժը» խորագրով հոդվածը, որում ասվում է.

«Նախագահ Օբաման մի քանի շաբաթ առաջ «Վարդերի այգում» հայտարարեց, որ իրավունքն է ծնում ուժ և ոչ թե ընդհակառակը: Մենք բոլորս գիտենք, թե նա ինչ նկատի ուներ. փափուկ ուժի ներկայիս դարաշրջանում գերտերությունները կարող են ընկերներ ձեռք բերել ոչ թե կոշտ ուժ կիրառելու, այլ՝ իրենց գրքերի ու ֆիլմերի, իրենց առաջադեմ տնտեսությունների, իրենց տեխնոլոգիական նորարարությունների և ամենից առաջ իրենց գրավիչ ու ոգեշնչող ազգային իդեալների միջոցով:

Հնարավոր է՝ դա այդպես է, համենայն դեպս երբեմն: Սակայն բոլոր նրանց համար, ովքեր խնդրահարույց են համարում փափուկ ուժի կիրառումը, դեռ մատչելի է կոշտ ուժը: Ավելին, այն նույն շաբաթ, երբ ԱՄՆ նախագահը «Վարդերի այգում» արեց իր հայտարարությունը, երկրագնդի մեկ այլ կողմում ապացուցվեց, որ ուժն իսկապես կարող է ծնել իրավունք:

Այն ժամանակ, երբ աշխարհի ուշադրությունը բևեռված էր Սիրիայի վերաբերյալ ռուս-ամերիկյան դիվանագիտական բանակցությունների վրա, իր հայրենիքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իրականացնում էր շատ անաղմուկ, սակայն պոտենցիալ մեծ կարևորություն ունեցող դիվանագիտական հեղաշրջում:

Եռամյա ինտենսիվ բանակցություններից հետո Ռուսաստանի հարևան Հայաստանը գտնվում էր ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու շեմին՝ ներառյալ նաև համապարփակ առևտրի գոտու պայմանագիրը:

Սակայն սեպտեմբերի 3-ին՝ Սիրիական ճգնաժամի թեժ պահին, Հայաստանի կառավարությունը հանկարծակի հայտարարեց, որ հրաժարվում է նախագծին մասնակցելուց: Աշխարհի խոշորագույն առևտրի գոտուն և ամենաառաջադեմ ժողովրդավարություններից մեկին միանալու փոխարեն Հայաստանը որոշեց մնալ Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի հետ և միանալ Եվրասիական Մաքսային միությանը:

Ոչ ոք չի ձևացնում, որ Ռուսաստանը Հայաստանին իր կողմ է գրավել փափուկ ուժի կիրառմամբ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պարզաբանեց, որ Հայաստանն իր անվտանգության հարցում կախված է Ռուսաստանից, և որ Ռուսաստանում բնակվում է հայկական խոշոր համայնք:

Սա տարօրինակ է հնչում. անվտանգության դաշինքների մեծ մասը՝ ներառյալ ՆԱՏՕ-ն, իրենց անդամներից չեն պահանջում միանալ մաքսային միության, և որևէ երկրում ներգաղթյալների ներկայությունը սովորաբար չի ազդում այլ երկրի առևտրային քաղաքականության վրա: Սակայն վերջին շաբաթներին Հայաստանին մտահոգել էր իր գլխավոր հակառակորդ Ադրբեջանի հետ Ռուսաստանի դիվանագիտական խաղերը, ինչպես նաև ռուս չինովնիկների ներգաղթյալների դեմ արած հայտարարությունները:

Հայերը հասկացան ակնարկը. եթե նրանք ազատ առևտրի պայմանագիր կնքեն Եվրոպայի հետ, ապա Ռուսաստանը կարող է ավելի շատ զենք վաճառել իրենց հակառակորդին և վտարել ռուսաստանաբնակ հայերին: Անկասկած է, որ հայերը հետևում էին իրենց անմիջական հարևանությամբ Ռուսաստանի գործած քայլերին, որոնցում որոշակի միտում էր նկատվում:

Սեպտեմբերի 11-ին Ռուսաստանն արգելեց մոլդովական գինու ներկրումը՝ կապված դրանց կողմից «առողջության համար վտանգ» պարունակելու հետ: Նույն ճակատագրին արժանացավ ուկրաինական շոկոլադը: Բացի այդ, Ուկրաինայի դեմ կիրառվում է գազի գինն ու մատակարումները որպես քաղաքական լծակ կիրառելու վաղեմի մարտավարությունը:

Ըստ էության, ռուսներն ուկրաինացիներին հասկացնել են տվել, որ եթե նրանք կասեցնեն Եվրոպայի հետ իրենց բանակցությունները և միանան Եվրասիական Մաքսային միությանը, ապա Ռուսաստանից ներկրվող գազի գինը կնվազի ավելի քան երկու անգամ:
Դա հիանալի առաջարկ է, այնքան հիանալի, որ տարօրինակ է թվում այն, որ ուկրաինացիները դեռ չեն ընդունել այն: Սակայն Ուկրաինան դեռ մտորում է և ունի որոշակի ժամանակ:

Անգամ ամենառուսամետ քաղաքական գործիչները հասկանում են, որ որ այդ որոշումն իրենից ներկայացնում է ոչ թե ֆինանսական կարճաժամկետ լուծում, այլ՝ երկարաժամկետ քաղաքակրթական ընտրություն՝ Եվրոպայի համեմատաբար բաց շուկաների ու թափանցիկ քաղաքականության և նախկին Խորհրդային Միության փակ աշխարհի առջև:

Հայ ընդդիմադիր քաղաքական գործիչներից մեկը Ռուսաստանը Եվրոպայից գերապատվություն տալու իր երկրի որոշումը բացատրել է հետևյալ կերպ. «Հայաստանը, ԵՄ-ի հետ համաձայնագրերի փոխարեն ընտրելով Մաքսային միությունը, կշարունակի մնալ որպես օլիգարխների ու մոնոպոլիաների երկիր, ինչպես որ Ռուսաստանն է»:

Տարօրինակ է թվում նաև այն, որ ռուսները ցանկանում են, որ իրենց հարևաններն իրենք կատարեն իրենց ընտրությունը: Անկասկած է, որ Ռուսաստանի շահերից է բխում սահմաններ ունենալն այն երկրների հետ, որոնք ունեն միջազգային լայն կապեր, ավելի արագ տնտեսական աճ, մուտք դեպի արևմտյան շուկաներ և այդպիսով առավել ապահովված սպառողներ, որոնք կարող են գնել ռուսական ապրանքներ:

Անկասկած է, որ Ռուսաստանի շահերից է բխում երկարաժամկետ հեռանկարում նման մուտք դեպի արևմտյան շուկաներ անձամբ իր ունենալը: Որևէ հիմք չկա՝ կարծելու համար, որ եթե Եվրոպան Ասոցացման համաձայնագրեր կնքի Հայաստանի, Ուկրաինայի ու Մոլդովայի հետ, ապա նա չի ցանկանա վերջին հաշվով նույն կերպ վարվել նաև Ռուսաստանի հետ:

Ստեղծված իրավիճակը բացատրվում է այնքան հեշտությամբ, որքանով որ դա ցավալի է: Ռուսաստանի իշխող էլիտան՝ Պուտինի գլխավորությամբ, չի գործում՝ ելնելով Ռուսաստանի շահերից: Ռուսաստանի էլիտան գործում է՝ ելնելով սեփական շահերից:

Ներկա դրությամբ նրանք համոզված են, որ տնտեսական ազգայնականությունը և նեոիմպերիալիզմի լեզուն կօգնեն իրենց ստանալ հանրային աջակցություն, հնարավոր է՝ նաև մասնավոր եկամուտներ: Հետաքրքիր է, թե որքան երկար մնացյալ ռուսները կհաշտվեն այդ ամենի հետ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս