«Ալ-Քաիդայի» զինյալները մեծ վտանգ են ներկայացնում. սիրիական ընդդիմություն
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ընդդիմադիր Սիրիական ազգային խորհրդի ներկայացուցիչ Մահմուդ ալ-Խամզան հաստատել է, որ Սիրիայի տարածքում գործում են «Ալ-Քաիդայի» զինյալները, որոնց մի մասը զինված բախումների մեջ է մտնում Սիրիական ազատ բանակի ուժերի հետ.
«Ներկայումս լուրջ բախումներ են ընթանում այդ ծայրահեղականների հետ: Դա հիմնականում վերաբերում է «Իրաքում ու Լևանտում իսլամական պետություն» խմբավորմանը և ոչ թե «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորմանը, որն այժմ ակտիվություն չի ցուցաբերում: Նրանք իսկապես մեծ վտանգ են ներկայացնում սիրիական ընդդիմության համար, քանի որ սպանում են Սիրիական ազատ բանակի բազմաթիվ ղեկավարների»:
Նշվում է, որ սրանից առաջ «Ալ-Քաիդայի» հետ կապված զինյալներն իրենց վերահսկողության տակ են առել Թուրքիայի սահմանի մոտ գտնվող Աազազ քաղաքը՝ այնտեղից դուրս մղելով Սիրիական ազատ բանակի ուժերին: