«Շահ Դենիզ» կոնսորցիումը գազային պայմանագրեր է կնքել եվրոպական 9 ընկերության հետ
Ռուսական «Վզգլյադ» թերթի փոխանցմամբ՝ եվրոպական էներգետիկ ընկերությունները պայմանագրեր են ստորագրել ադրբեջանական գազի գնման շուրջ: «Շահ Դենիզ» կոնսորցիումը նախօրեին պայմանագրեր է ստորագրել Եվրոպան ներկայացնող 9 գազային գնորդի հետ: Խոսքը գնում է Shell, Bulgargaz, Gas Natural Fenosa, DEPA, E.ON, GDF Suez, HERA Trading, Axpo, Enel ընկերությունների մասին:
Պայմանագրերը ստորագրվել են 25 տարի ժամկետով: Գնորդները կստանան «Շահ Դենիզ» գազային հանքավայրի մշակման երկրորդ փուլի ժամանակ արդյունահանվելիք գազը: Երկրորդ փուլի մշակումը մեկնարկելու է 2018 թվականին, գնորդներն ադրբեջանական գազ կսկսեն ստանալ 2019 թվականին:
Արդյունահանման գագաթնակետը գրանցվելու է 2022 թվականին և շարունակվելու է 7-8 տարի: Բրիտանական BP ընկերության տարածաշրջանային տնօրեն Գորդոն Բիրելը հայտարարել է, որ այդ պայմանագրերի շրջանակներում Իտալիայի, Հունաստանի ու Բուլղարիայի սպառողներին տարեկան մատակարարվելու է ավելի քան 10 միլիարդ խորանարդ մետր գազ.
«Այդ պայմանագրերի ստորագրմամբ Ադրբեջանն առաջին անգամ ելք է ստանում դեպի եվրոպական շուկա: Դա Ադրբեջանի նավթագազային արդյունաբերության պատմության մեջ խոշորագույն պայմանագրերից մեկն է»:
Ադրբեջանական SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևը հայտարարել է, որ այդ պայմանագրերի շրջանակներում ընդհանուր առմամբ ստացվելու է 200 միլիարդ դոլարի եկամուտ: «Շահ Դենիզ» գազային հանքավայրի մշակման երկրորդ փուլում գազի արդյունահանման ծավալը տարեկան կազմելու է 25 միլիարդ խորանարդ մետր: Հանքավայրի պաշարները գնահատվում են 1.2 տրիլիոն խորանարդ մետր:
Կանխատեսվում է, որ ադրբեջանական գազի մասնաբաժինը Եվրոպայում կազմելու է 2.14 տոկոս: