Վրաստանի խորհրդարանը քվեարկել է իր դերի ուժեղացման օգտին
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանն այսօրվա լիագումար նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է երկրի Սահմանադրության մեջ ուղղումներ մտցնելու մասին օրինագիծը: Դրանք առնչվում են երկրի օրենսդիր մարմնի դերակատարության մեծացմանը:
Սահմանադրական ուղղումների օգտին միաձայն քվեարկել է նիստին ներկա 112 պատգամավոր (Վրաստանի խորհրդարանն ունի 150 պատգամավոր): Այս ուղղումներն առնչվում են Սահմանադրության այն մասին, որը պետք է ուժի մեջ մտնի այս տարվա հոկտեմբերի 27-ին ընտրվելիք նախագահի երդմնակալությունից հետո:
Օրինագծի համաձայն, խորհրդարանն իրեն իրավունք է վերապահում վերստին վստահություն հայտնել վարչապետին ու նրա կաբինետին՝ կառավարության 1/3-ի թարմացման դեպքում: