ԵՄ-ի համար շոկային էր Մաքսային միության վերաբերյալ Հայաստանի հայտարարությունը. Ալեքսեյ Պուշկով
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պետդումայի՝ միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը հայտարարել է, որ ԵՄ-ն ակտիվացրել է «Արևելյան գործընկերություն» ծրագրում ընդգրկված հետխորհրդային տիրույթի մի շարք երկրների ուղղությամբ ներգրավման աշխատանքները, ինչը տեղի ունեցավ այն բանից հետո, ինչ Հայաստանը հայտարարեց, որ պատրաստ է մտնել Մաքսային միության մեջ:
Պետդուման այսօրվա նիստում դիտարկում է այն հայտարարությունը, որը կլինի Եվրախորհրդարանի ընդունած բանաձևի պատասխանը, թե Ռուսաստանը ճնշում է գործադրում «Արևելյան գործընկերության» երկրների վրա:
Պուշկովը հայտարարել է. «Բրյուսելում չափազանց ցավագին են ընդունել Մաքսային միությանը Հայաստանի հնարավոր միանալու մասին Հայաստանի ղեկավարության որոշումը: Դա շոկ էր, դա ընկալվեց որպես ազդանշան՝ հակահարձակման անցնելու համար:
«Արևելյան գործընկերության» պլանը միտված է փոքր գնով ԱՊՀ մի շարք երկրների փաստացիորեն ԵՄ-ի քաղաքականությանը ենթարկեցնելուն և նրանց սեփասկան շահերի ոլորտ ներառելուն: Այդ ողջ պլանը հայտնվել էր տապալման սպառնալիքի առջև:
Այստեղից էլ բխեց Եվրախորհրդարանի բանաձևը, որում Ռուսաստանը մեղադրվում է հետխորհրդային երկրների վրա ճնշում բանեցնելու մեջ, և ԵՄ-ի ընդլայնման ու հարևանային քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հայտարարությունը, որ ԵՄ-ը ցանկանում է աջակցել Ուկրաինայի ինքնիշխանությունը, որպեսզի Ուկրաինան իրավունք ունենա ընդունել ինքնիշխան որոշումներ:
Եվրախորհրդարանի և պարոն Ֆյուլեի ըմբռնմամբ՝ ինքնիշխան որոշումներն այն որոշումներն են, որոնք Ուկրաինան հեռացնում են Ռուսաստանից և Ուկրաիան ներառում են ԵՄ-ի ազդեցության գոտում: Դրա հետ կապված՝ մենք տեսնում ենք վերջին տարիներին (ԵՄ-ի կողմից) Ուկրաինայի վրա աննախադեպ ճնշում:
Պատմությունը Հարավսլավիայի օրինակով ցույց է տվել, թե ինչպես ԵՄ-ի երկրները կարող են ճնշում գործադրել: ԵՄ-ի երկրները հետևողականորեն ոչնչացրին Հարավսլավիայի ինքնիշխանությունը՝ գործի դնելով ռազմական, քաղաքական ու տնտեսական հարկադիր միջոցներ»: