Արամ Մանուկյան. Սերժ Սարգսյանի հետ չեմ ուզում ճանապարհ գնալ` լինի դա դեպի արևելք, թե դեպի արևմուտք
«ՀՀ իշխանություններն ամբողջությամբ գաղտնի բանակցութուններ են վարել միանալու՝ Մաքսային միությանը»: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը: Նա համոզմունք հայտնեց, որ Մաքսային միությանը միանալու գործընթացը գաղտնի է պահվել անգամ իշխող Հանրապետական կուսակցության անդամներից: Նա նշեց, որ ոչ ոք, բացի Սերժ Սարգսյանից, չգիտի՝ ի՞նչ է Մաքսային միությունը, այդ պատճառով իրենք չեն կարող դիրքորոշում հայտնել, ասել անդամագրվելը լա՞վ է, թե վա՞տ է:
«Ոչ մեկ դեմ լինելու կամ պաշտպանելու իրավունք չունի, որովհետև մեկը քար է գցել (նկատի ունի Սերժ Սարգսյանին.- Տ.Մ), հիմա հարյուր հոգի փորձում է հանել այդ քարը, բայց փոխանակ քարը գցողից հարցնեք՝ ի՞նչ է դա, հարցնում եք հարյուր հոգուն»,- նշեց նա՝ ավելացնելով, թե ոչ մեկ իրավունք չի տվել գաղտնի բանակցություններ վարել:
ՀԱԿ պատգամավորը շեշտեց, թե հասարակությունից, քաղաքական ուժերից գաղտնի բանակցելը քաղաքական դիվանագիտական սկանդալ է. «Տիգրան Սարգսյանը` լինելով եվրոպամետ, հրաման է ստորագրել գաղտնի բանակցություններ վարելու վերաբերյալ: Դեռ ամիսներ առաջ նրանք խումբ են ձևավորել, անուն-ազգանուններ կան, որ բանակցեն: Փորձում եք մեզնից դուրս փորձել գտնել մեղավորների՞ն, երբեք դրսում մեղավոր մի գտեք, երբ պատճառը Հայաստանում չէ: Այն, ինչին փորձում եմ միանալ, դեռևս չգիտի` ինչ է: Ես չգիտեմ` Մաքսային միության հեռանկարը»:
Արամ Մանուկյանը հայտնեց, որ իր տեղեկություններով, ՌԴ-ն կարծես թե համոզված չէ, որ Սերժ Սարգսյանը անկեղծ է հայտարարության մեջ: «Ավանտյուրաները շարունակում են, քցելու գործը շարունակում են, և այս դեպքում, ներող կլինեք, որ մենք առարկայական քննարկման՝ կողմ-դեմի մասին չենք կարող ասել: Ես չեմ համարձակվում գնահատական տալ մի բանի, որից տեղեկություններ չունեմ: Բայց այն, որ շուլլեռություն է տեղի ունենում, Սերժ Սարգսյանը միանձնյա է որոշումներ կայացնում, բոլորից գաղտնի, դա իրողություն է»:
Արամ Մանուկյանն ընդգծեց, թե ինքը Սերժ Սարգսյանի հետ չի ուզում ճանապարհ գնալ` լինի դա դեպի արևելք, թե դեպի արևմուտք. «Ավտոն է փչացած, թե չէ ճանապարհ ի՞նչ կապ ունի, ի՞նչ կապ ունի արևե՞լք, թե՞ արևմուտք: Փչացած ավտոյով արևելք, թե արևմուտք՝ կապ չունի: Հիմա կտրուկ քայլեր անելը ռիսկ է: Էս գործի տերը ո՞վ է, ո՞վ է արել… Ես չգիտեմ` ինքը ի՞նչ է արել, ինչի՞ եք իմ կարծիքը հարցնում, ես չգիտեմ` ի՞նչ է արել, որ արդարացնեմ կամ չէ»: