Լևոն Էքմեքչյանի աճյունը Թուրքիայից Ֆրանսիա տեղափոխելու հարցում ի հայտ է եկել «փաստաթղթային» խոչընդոտ

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ 1982 թվականին մահապատժի ենթարկված ASALA-ի (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ` Armenian Secret Army for the Liberation of Armenia) մարտիկ Լևոն Էքմեքչյանի աճյունը Ֆրանսիա տեղափոխելու հարցում ի հայտ է եկել «փաստաթղթային» խոչընդոտ:

Անկարայի քաղաքապետարանը պահանջել է իրեն տրամադրել Փարիզի այն գերեզմանատան հասցեն, ուր Էքմեքչյանի ընտանիքը մտադիր է հուղարկավորել մարտիկին: Էքմեքչյանի աճյունը Թուրքիայից տեղափոխելու հարցում ստացված են բոլոր թույլտվությունները, սակայն Անկարայի քաղաքապետարանը պահանջել է տրամադրել նոր գերեզմանատան հասցեն:

Նշվում է, որ այդ փաստաթղթի ստացվելուց հետո միայն Էքմեքչյանի աճյունն Անկարայից կտեղափոխվի Փարիզ:

Հիշեցնենք, որ Լևոն Էքմեքչյանը «Խրիմյան Հայրիկ» ջոկատի կազմում 1982 թվականի օգոստոսի 7-ին մասնակցել է Անկարայի «Էսենբողա» օդանավակայանի գրավմանը («Կարին» գործողություն), որի ընթացքում պատանդ վերցվեց 250 ուղևոր:

Երբ թուրքական իշխանությունները օդանավակայան տարան հայ հոգևորականներին ու քաղաքացիական անձանց, որպեսզի նրանք ջոկատի անդամներին հորդորեին անձնատուր լինել, նրանք պատասխանեցին. «Մենք ահաբեկիչներ չենք, հայրենիքի ազատագրության ֆիդայիներ ենք՝ պատրաստ մեր կյանքը տալու հայ ժողովրդի ապագայի համար»:

Դրանից հետո թուրքական զորքերը ներխուժեցին օդանավակայանի շենք, ինչի ժամանակ էլ վիրավորվեց և ուշագնաց վիճակում գերի ընկավ Լևոն Էքմեքչյանը: Լևոն Էքմեքչյանը մահապատժի ենթարկվեց 1983 թվականի հունվարի 28-ին, Անկարայում:

Նա հանդիսանում է 1980 թվականի սեպտեմբերի 12-ի զինվորական հեղաշրջման հետևանքով Թուրքիայում իշխանության եկած զինվորական խունտայի զոհերից մեկը: Ի դեպ, Էքմեքչյանը Թուրքիայում վերջին մահապատժի ենթարկվածների թվում է:

Տեսանյութեր

Լրահոս