Իրանն առաջարկել է կառուցվածքային փոփոխություններ կատարել ԱԷՄԳ-ում
Իրանական IRINN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱԷՄԳ-ում Իրանի ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆին կազմակերպության վերակազմավորման կոչ է արել: Նաջաֆին այդ հայտարարությունն արել է ԱԷՄԳ-ի Խորհրդի նիստի նախօրեին:
Նրա կարծիքով՝ ներկայումս կազմակերպությունում գոյություն չունի ընդունելի հավասարակշռություն՝ լիազորությունների ու պարտականությունների միջև: Նաջաֆին կարծում է, որ պետք է ավելացվի ԱԷՄԳ-ի Կառավարման խորհրդի անդամների քանակը, որը ներկայումս ունի 35 անդամ և գործնականում ղեկավարում է կազմակերպության գործունեությունը:
Նաջաֆին հավելել է, որ Իրանը շարունակելու է ՄԱԿ-ի՝ Ատոմային էներգիայի գործակալության հետ համագործակցությունը՝ գտնելու համար գոյություն ունեցող խնդիրները հավերժ հարթելու ուղիները:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Ռեզա Նաջաֆիին ԱԷՄԳ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչ է նշանակել 2013 թվականի օգոստոսին: 2005 թվականից այդ պաշտոնը զբաղեցնում էր Ալի Ասղար Սոլթանիեհը: