
Պուտինը չի բացառել, որ կարող է իր թեկնածությունն առաջադրել 2018 թվականին ՌԴ-ում կայանալիք նախագահական ընտրություններում

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ չի բացառում, որ կարող է սեփական թեկնածությունն առաջադրել 2018 թվականին Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրություններում, ինչը նրա համար կլինի թվով չորրորդը:
Պուտինը, ով հաջորդ ամիս (հոկտեմբերի 7-ին) կդառնա 61 տարեկան, այս հայտարարությունն արել է Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի հետ հանդիպման ժամանակ: Ավելի ուշ Պուտինը վաղաժամ է համարել նախագահական հաջորդ ընտրություններին իր հնարավոր մասնակցության համար քննարկումները:
Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը Ֆիյոնի համապատասխան հարցը որակել է որպես ժամանակավրեպ և ոչ ակտուալ. «Հռետորական հարցին տրվել է համապատասխան պատասխան»: Սակայն քաղաքագետները համակարծիք չեն նրա հետ՝ գտնելով, որ Պուտինը տվել է բնական պատասխան:
Նրանք ընդգծում են, որ սա առաջին դեպքը չէ, երբ Պուտինն ակնարկում է 2018 թվականին Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրություններին սեփական թեկնածության առաջադրման հնարավորության մասին: