
Սիրիայի կառավարությունը «Ժնև 2»-ում հրադադար է առաջարկելու ընդդիմությանը. Քադրի Ջամիլ

Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ Սիրիայի կառավարության պատվիրակությունը «Ժնև 2» միջազգային կոնֆերանսի ժամանակ մտադիր է իր հակառակորդներին առաջարկել հրադադար: Այս մասին հայտարարել է Սիրիայի փոխվարչապետ Քադրի Ջամիլը.
«Արտաքին միջամտության դադարեցումը, հրադադարը և քաղաքական գործընթացի սկսումն անհրաժեշտ են, որպեսզի Սիրիայի ժողովուրդը հնարավորություն ունենա առանց արտաքին միջամտության և ժողովրդավական ճանապարհով ինքնորոշվելու:
Իրավիճակից դուրս գալու նման ելքը կլինի օպտիմալ կողմերից յուրաքանչյուրի համար, քանի որ ուժերի հավասարակշռությունը ոչ մի կողմին հնարավորություն չի տալիս հայտարարել ավելի քան երկու տարի ընթացող հակամարտությունում իր հաղթանակի մասին:
Երկրում արդեն իսկ կատարվել են լուրջ փոփոխություններ, և ներկայումս Սիրիան կարիք ունի արտաքին աջակցության և ոչ թե ճնշման: Թող ոչ ոք չվախենա ներկա տեսքով ռեժիմի պահպանվելուց: Գործնական բոլոր ասպեկտների համար ռեժիմն իր հին տեսքով արդեն իսկ վերացել է:
Պատերազմը երկրին պատճառել է վիթխարի վնաս: Տնտեսական կորուստները միայն չստացված շահից արդեն իսկ կազմում է մոտ 100 միլիարդ դոլար»: