
Թուրքիայում կարող է ընդունվել Սիրիայի դեմ անդրսահմանային ավելի լայն գործողությունների իրավունք տվող բանաձև

Թուրքական Taraf թերթի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 4-ին լրանում է նախորդ տարվա այդ օրը Թուրքիայի խորհրդարանի կողմից հաստատված այն օրինագծի ժամկետը, որը կառավարությանը հնարավորություն է ընձեռում անդրսահմանային գործողություններ ձեռնարկել Սիրիայի դեմ:
Ակնկալվում է, որ դրա հետ կապված՝ վարչապետ Ռեջեփ Էրդողանը խորհրդարանին կներկայացնի նմանատիպ նոր օրինագիծ, որը, նախկինի համեմատ, կլինի ավելի բազմակողմ: Որպես դրա պատճառ է նշվում սահմանային անցակետում գրանցված պայթյունը, սիրիական ուղղաթիռի կողմից Թուրքիայի տարածք մուտք գործելը, ահաբեկիչների կողմից Թուրքիայի սահմանի մոտ գտնվող Ազազ քաղաքի գրավումը:
Բացի այդ, չի բացառվում, որ կարող են պայթեցվել Եփրատ գետի վրա կառուցված ամբարտակները, ինչի հետևանքով միլիոնավոր մարդիկ կհայտնվեն ջրի տակ: