
Իրանը պատրաստ է աջակցել Սիրիայի կառավարության ու ընդդիմության միջև բանակցություններին. Հասան Ռոուհանի

Ամերիկյան The Washington Post թերթում հրապարակվել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանի հոդվածը: Դրանում Ռոուհանին ընդգծել է, որ Իրանը պատրաստ է աջակցել Սիրիայի կառավարության ու ընդդիմության միջև բանակցություններին.
«Ես հայտարարել եմ իմ կառավարության պատրաստակամության մասին՝ օգնել Սիրիայի կառավարության ու ընդդիմության միջև երկխոսության կայացմանը: Անհրաժեշտ է կոլեկտիվ ջանքեր գործադրել՝ տարածաշրջանի երկրներում ազգային երկխոսության համար ուղի հարթելու նպատակով:
Մենք պետք է միավորենք ջանքերը, որպեսզի կառուցողաբար աշխատենք ազգային երկխոսության ուղղությամբ՝ լինի դա Սիրիայում կամ Բահրեյնում: Մենք պետք է ստեղծենք այնպիսի մթնոլորտ, որում տարածաշրջանի ժողովուրդները կկարողանան լուծել իրենց ճակատագիրը»:
Պլանավորված է, որ Իրանի նախագահը հաջորդ շաբաթ ելույթ է ունենալու Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ ԳԱ-ի 68-րդ նստաշրջանում: