Ազատամարտիկներն ուզում են իշխանափոխություն անել
Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնող ազատամարտիկների պատվիրակությունը հանդիպումներ է ունենում ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ՝ նրանց առաջարկելով հայտարարություն ընդունել իրենց պայքարին աջակցելու մասին:
Սուրեն Սարգսյանի գլխավորած ազատամարտիկների պատվիրակությունը արդեն հանդիպել է «Հանրապետություն», «Ժառանգություն» ՀԺԿ և ՍԴՀԿ կուսակցությունների ղեկավարների հետ, սակայն այնտեղ նրանց միայն բանավոր են օժանդակություն հայտնել՝ հրաժարվելով նրանց պայքարին միանալու մասին գրավոր հայտարարություն ընդունելուց: Ազատամարտիկները ցանկություն են հայտնել հանդիպել ՀԱԿ կուսակցության ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, սակայն Տեր-Պետրոսյանը հայտնել է, որ ինքը նման ցանկություն չունի ՀԱԿ կուսակցության անունից հանդիպմանը մասնակցելու իրավունքը լիազորելով ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը և քարտուղար Արամ Մանուկյանը: Սակայն ազատամարտիկներն առայժմ ձեռնպահ են մնում նրանց հետ հանդիպելուց, քանի որ նպատակ ունեն հանդիպել կուսակցությունների ղեկավարների հետ անձամբ:
Ինչպես հայտնի է, ազատամարտիկները բողոքի ակցիաներ կազմակերպեցին պահանջելով, որ կառավարությունն իրենց սոցիալական վիճակը բարելավելուն ուղղված միջոցառումներ իրականացնի: Կառավարությունը որոշակի խոստումներ տվեց ազատամարտիկներին, և նրանց մի մասը բավարարվելով այդ խոստումներով, հրաժարվեց պայքարը շարունակելուց: Ազատամարտիկների մյուս մասը, որոշեց փոխել պայքարի մարտավարություն և սոցիալական պահանջները փոխարինել քաղաքականով: «Մենք էգոիստներ չենք, որ ասենք, թող միայն ազատամարտիկը կամ ազատամարտիկի ընտանիքը լավ ապրեն, իսկ մյուսների հետ՝ ինչ ուզում է թող լինի: Մենք հասկանում ենք, որ ազատամարտիկների վիճակը կարող է բարելավվել, եթե լավանա բոլորի, ամբողջ հասարակության վիճակը, իսկ դա հնարավոր է միայն համակարգային փոփոխությունների դեպքում»:
Ազատամարտիկները որոշել են իշխանափոխություն իրականացնել և կուսակցությունների առաջնորդներին առաջակում են նոր 1988 թվական կազմակերպել. հասնել, նրան որ Հայաստանը ղեկավարվի ոչ թե նախագահական նստավայրից, այլ Ազատության հրապարակից, որտեղ ընդունված որոշումները ավելի կարևոր կլինեն, քան պետական կառավարման մարմիններում ընդունված որոշումները:
Միասնական քաղաքական օրակարգ ձևավորելու համար ազատամարտիկները պատրաստվում են կլոր սեղան կազմակերպել, որտեղ հրավիրելու են բոլոր ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներին: Կուսակցությունների առաջնորդները խոստանում են, որ եթե ոչ իրենք, ապա իրենց կուսակցությունից, որևէ ներկայացուցիչ կմասնակցի այդ քննարկմանը: Կուսակցությունների ղեկավարները երկու մտահոգություն ունեն կապված ազատամարտիկների ակտիվության հետ:
Նրանց մի մասը համոզված է, որ ազատամարտիկների ըմբոստությունն ուղղորդվում է և դրա մեջ տեսնում են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ուժերի, ովքեր ցանկանում են օգտագործել ազատամատիկների սոցալական բողոքի ալիքը: Մյուս խնդիրն այն է, որ կուսակցությունների առաջնորդները համարում են, որ նախագահական ընտրություններից ընդամենը 6 ամիս հետո հնարավոր չէ հանրային դժգոհության այնպիսի ալիք բարձրացնել, որը կարող է հասցնել իշխանափոխության:
«Գնալ, կանգնել հրապարակում, և չիմանալ, թե որն է լինելու մեր հաջորդ քայլը, ինչ ենք ասելու այնտեղ հավաքված մարդկանց, անիմաստ է: Մարդիկ արդեն հոգնել են հրապարակ գալուց և ձեռնունայն տուն վերադառնալուց: Մենք չենք ուզում մասնակցել հասարակության հերթական անգամ հուսախաբ անելու և հոգնեցնելու միջոցառումից, անկախ նրանից՝ ով է դա կազմակերպում ազատամարտիկները, թե այլ ուժեր, ովքեր թաքնվում են ազնիվ ու անշահախնդիր պայքարի ելած ազատամարտիկների թիկունքում»,- ասում է կուսակցություններից մեկ ղեկավարը, ում հետ ազատամարտիկները երկու օր առաջ են հանդիպել:
Իսկ թե ո՞վ է կանգնած ազատամարտիկների հետևում, ո՞ւմ են կասկածում ազատամարտիկների պայքարը ուղղորդելու մեջ, մեր զրուցակիցները գերադասում են լռել: «Մենք չենք ուզում վիրավորել ազատամարտիկներին, որոնց մեջ շատ են հայրենիքի իսկական նվիրյալները, բայց որ ազատամարտիկները ինչ որ մեծ խաղի փոքր դետալն են դարձել, կարելի է չկասկածել: Կարծում եմ` մի քիչ համաբերելու դեպքում այս խաղի իրական տերերը կբացահայտվեն»,- ասում է մեր զրուցակիցը: