
Ադրբեջանը 25 տարի Իտալիային կապահովի բնական գազով

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր «Շահ Դենիզ» կոնսորցիումի և իտալական Hera Traiding ընկերության միջև Բաքվում ստորագրվել է «Շահ Դենիզ» գազային հանքավայրի երկրորդ փուլի շրջանակներում գազի առուվաճառքի մասին կոմերցիոն համաձայնագիր: Այս մասին հայտնել է Hera Traiding ընկերությունը:
Դրանում նշված է, որ իտալական ընկերությունը պարտավորվել է «Շահ Դենիզ» գազային հանքավայրի երկրորդ փուլի շրջանակներում տարեկան գնել 300 միլիոն խորանարդ մետր գազ: Պայմանագիրը կնքվել է 25 տարով: Ակնկալվում է, որ մատակարարումները մեկնարկելու են 2019 թվականին:
Կասպից ծովում գտնվող «Շահ Դենիզ» գազային հանքավայրի գազը Եվրոպա է հասցվելու «Բաքու-Թբիլիսի-Էրզրում» (ԲԹԷ, Հարավկովկասյան), «Անդրանատոլիական» (TANAP) և «Անդրադրիատիկ» (TAP) գազատարներով: