Հացի արտադրամասի սեփականատերը` սպանելու սպառնալիքով, ատրճանակը մտցրել Աննա Ավագյանի բերանը
34-ամյա Արտյոմ Մակարյանին պատկանող հացի արտադրամասից 2009թ. գողություն էր կատարվել: Չսպասելով իրավապահների բացահայտմանը, արտադրամասի տերը որոշել էր սեփական միջոցներով իրականացնել արդարադատությունը, և դաժան խոշտանգումների և սպառնալիքների միջոցով խոստովանական ցուցմունքներ կորզել իր աշխատակիցներից: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Արտյոմ Մակարյանը, նախապես պայմանավորվելով իր արտադրամասի բանվոր Հրանտ Մխոյանի, հացթուխ Եգոր Հակոբյանի և արտադրամասի պետ` Լուսինե Նալբանդյանի հետ, Աննա Ավագյանին մեղադրել են գողությունը կատարելու մեջ: Նրանք Աննա Ավագյանին ծեծի են ենթարկել, խուզարկել պայուսակը և հագուստը, ապա նրան փակել արտադրամասի նկուղում, որպեսզի մտածի և ասի ճշմարտությունը: Սակայն Աննա Ավագյանը շարունակել է պնդել, որ կապ չունի գողության հետ:
Այդ ժամանակ Արտյոմ Մակարյանը, Եգոր Հակոբյանը և Հրանտ Մխոյանը, Աննա Ավագյանին ծեծի ենթարկելով և սպառնալով, որ տանում են սպանելու, փակ սենյակից դուրս հանելով, մտցրել են Արտյոմ Մակարյանի «Լեքսուս՚» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկը, և տեղափոխելով ամայի տարածք շարունակել են խոշտանգումները:
Ի դեպ մինչ այդ, ավտոմեքենայի մեջ, Հրանտ Մխոյանը` նստած լինելով մեքենայի ետևի նստատեղին, շարունակաբար հարվածներ է հասցրել Աննա Ավագյանի գլխին և մարմնին: Իսկ արդեն ամայի տարածք հասնելուց հետո, երբ կնոջը դուրս են բերել բեռնախցիկից, Արտյոմ Մակարյանը պահանջել է հայտնել գողություն կատարողի անունը, մի քանի անգամ օդ կրակել, ապա նրան սպանելու սպառնալիքով, ատրճանակը մտցրել Աննա Ավագյանի բերանը: Իսկ Հրանտ Մխոյանն Աննա Ավագյանին խոշտանգումների ենթարկելով նրա երեսը ընկղմել է ձյան մեջ, որից հետո քարշ է տվել և ծեծի ենթարկել:
Չդիմանալով խոշտանգումներին՝ Աննա Ավագյանը հայտնել է, որ իբր գողությունը կատարել է արտադրամասի մեկ այլ աշխատակից Ռոբերտ Բասմաջյանը: Դրանից հետո, խոշտանգողներն իրենց զոհի հետ դարձյալ վերադարձել են հացի արտադրամաս: Այստեղ արդեն ծեծի ու խոշտանգումների են ենթարկել նաև Ռոբերտ Բասմաջյանին` դարձյալ պահանջելով խոստովանել գողությունը կատարելու հանգամանքը:
Այդ ընթացքում Արտյոմ Մակարյանն ատրճանակով մի քանի անգամ կրակել է օդ և Ռոբերտ Բասմաջյանի ոտքերի տակ, որից քիչ անց Լուսինե Նալբանդյանն իր անձրևանոցով հարվածներ է հասցրել Ռոբերտ Բասմաջյանի ձեռքերին, ինչի հետևանքով անձրևանոցը կոտրվել է:
Ապա Ռոբերտ Բասմաջյանին նույնպես բռնությամբ մտցնելով Արտյոմ Մակարյանի ավտոմեքենայի բեռնախցիկը, սպանելու սպառնալիքներով տեղափոխել են Երևանից դուրս գտնվող մեկ այլ ամայի տարածք և պահանջել են խոստովանել գողությունը կատարելու փաստը:
Բասմաջյանը վախենալով իր կյանքի համար, խոստովանել է, թե իբր գողությունը ինքն է կատարել:
Կեղծ խոստովանությունը կորզելուց հետո վերադարձել են արտադրամաս, և շարունակելով ծեծի ենթարկել, Աննա Ավագյանից ու Ռոբերտ Բասմաջյանից պահանջել են հայտնել գողությանն իբր մասնակից երկրորդ անձի անունը: Հրանտ Մխոյանը Աննա Ավագյանին ուժով նստեցրել է հացի արտադրության համար օգտագործվող վառարանի տաք թավայի վրա` սպառնալով մտցնել վառարանի մեջ, միաժամանակ նրա ձեռքի մատերին հարվածել է հացի արտադրության մեջ օգտագործվող, թիանման երկաթյա առարկայով: Իսկ Եգոր Հակոբյանը տաքացած բանալիով այրել է Աննա Ավագյանի այտերը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: