
Գերմանիայում հափշտակել են Vodafone-ի երկու միլիոն բաժանորդի անձնական տվյալները

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի բջջային կապի խոշորագույն օպերատորներից Vodafone-ը հայտարարել է իր բաժանորդներից 2 միլիոնի անձնական տվյալների հափշտակման մասին:
Խոսքը գնում է բաժանորդների անունների, ծննդյան թվերի, հասցեների, ինչպես նաև նրանց բանկային հաշվեհամարների մասին: Vodafone-ի ներկայացուցիչը հայտնել է, որ տվյալների ենթադրյալ հափշտակիչն արդեն հայտնի է, նրա տանն իրականացվել է խուզարկություն:
Ոստիկանությունը կարծում է, որ հանցագործը գործել է միայնակ: Հետաքննությունը շարունակվում է: Vodafone-ի ներկայացուցիչն ընդգծել է, որ ենթադրյալ հանցագործի համար մատչելի է եղել ընկերության գաղտնի տեղեկատվությունից օգտվելը: Vodafone-ը Գերմանիայում ունի 32.2 միլիոն բաժանորդ: