Եվրախորհրդարանը Սնոուդենի թեկնածությունն առաջադրելու է Սախարովի անվան մրցանակի համար
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրախորհրդարանն այսօր հայտարարել է, որ մտադիր է ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի թեկնածությունն առաջադրել Սախարովի անվան ազատ արտահայտվելու մրցանակին:
Այս մասին նշված է Եվրախորհրդարանի սոցիալիստների խմբակցության այսօր տարածած հաղորդագրությունում. «Էդվարդ Սնոուդենն ապացուցել է, որ իրավունք ունի միջազգային պաշտպանության՝ հաստատելով համաշխարհային տեղեկատվական տիրույթում էլեկտրոնային գաղտնալսման մասշտաբային, մարդու բազային իրավունքները խախտող համակարգի գոյությունը»:
Այդ մրցանակի համար Սնոուդենի թեկնածությունը պաշտոնապես ներկայացվելու է սեպտեմբերի 16-ին: Այդ օրը տեղի է ունենալու Եվրախորհրդարանի՝ արտաքին հարցերով, մարդու իրավունքների ու զարգացման հարցերով հանձնաժողովների համատեղ նիստը:
Մրցանակակիրը կորոշվի հոկտեմբերին, իսկ մրցանակի հանձնումը տեղի կունենա տարեվերջին՝ Ստրասբուրգում կայանալիք Եվրախորհրդարանի նստաշրջանում: Միևնույն ժամանակ հարցականի տակ է, թե արդյոք Սնոուդենը կկարողանա՞ այդ ժամանակ մեկնել Ստրասբուրգ՝ այդ մրցանակը ստանալու համար: